Եվրոպական հինգ հետախուզական ծառայությունների ղեկավարներ թերահավատորեն են վերաբերվում այս տարի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու հնարավորությանը։ Այս մասին հետախուզության ղեկավարներն անանունության պայմանով հայտնել են Reuters գործակալությանը։
Գործակալության զրուցակիցներից մեկը Ժնևում տեղի ունեցած վերջին բանակցություններն անվանել է «թատերական ներկայացում»։ Այլ աղբյուրներ կասկածներ են հայտնել Ռուսաստանի մտադրությունների վերաբերյալ։
«Եթե ռուսները ստանան այդ զիջումները [Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ], կարծում եմ՝ դա գուցե դառնա իրական բանակցությունների սկիզբ», — ենթադրել է Reuters-ի ևս մեկ զրուցակից։
Հիշեցնենք, որ փետրվարի 17-18-ը Ժնևում կայացել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունները։ Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին դրանք անվանել է ծանր, բայց գործնական։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ավելի վաղ հայտարարել էր, որ Շվեյցարիայում կայացած հանդիպման ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել։ Նա հավելել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը խաղաղության համաձայնագրի շուրջ։ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը փետրվարի 18-ին հայտարարել էր, որ բանակցությունների արդյունքներին գնահատական տալը դեռ վաղ է։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել էր, որ ԱՄՆ-ն առաջարկում է Կիևին ռազմական հակամարտությունն ավարտել մինչև 2026 թվականի ամռան սկիզբը։ Քաղաքական գործիչը դա բացատրել էր Վաշինգտոնի առաջնահերթություններով՝ նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից առաջ ներքին քաղաքականության վրա կենտրոնանալու անհրաժեշտությամբ։