Հատուկ ռազմական գործողության նպատակն է՝ ընդմիշտ բացառել պատերազմի սպառնալիքի առաջացման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապառազմականացնել այն վարչակարգը, որը ստեղծել է նման պայմաններ։
«Եթե մեր երկրի կողքին տեղակայված լինի մի պետություն, որը թշնամաբար է վերաբերվում մեզ, այն էլ դեռ անդամակցում է, օրինակ՝ Հյուսիսատլանտյան դաշինքին, այսինքն՝ ՆԱՏՕ-ին, ապա սպառնալիքը կլինի մշտական։ Իսկ տարածքային հակամարտությունների առկայության դեպքում պատերազմի սպառնալիքը կկրի համակարգային բնույթ», — ասել է նա Վերխնյայա Պիշմայի գործարան կատարած այցի ժամանակ (մեջբերումը՝ ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի)։
Մեդվեդևը նաև նշել է, որ հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է և կհասցվի մինչև վերջ։ Նա ընդգծել է, որ գործողության նպատակները, որոնք հայտարարել է Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատարը, կիրականացվեն բանակցությունների համատեքստից դուրս։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ «բանակցությունները միշտ էլ լավ են»։
Հիշեցնենք, որ փետրվարի 17-18-ը Ժնևում տեղի են ունեցել Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի եռակողմ բանակցությունները։ Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին երկխոսությունն անվանել է ծանր, բայց գործնական։ Սպիտակ տանը, իրենց հերթին, հայտնել են «զգալի առաջընթացի» մասին, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ արդյունքները բավարար չեն։