Իսրայելն ակտիվորեն նախապատրաստվում է ԱՄՆ-ի հետ համատեղ Իրանին հարվածելուն, սակայն գրոհի վերաբերյալ վերջնական որոշումը դեռևս կայացված չէ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարարության իր աղբյուրներին։
Իսրայելցի զինվորականների հաշվարկներն առայժմ նախատեսում են մի քանի օր տևողությամբ զանգվածային հարվածներ, որպեսզի Իրանը զիջումների գնա այն բանակցություններում, որոնց նախկինում չէր համաձայնում։ Իսրայելը պնդում է այնպիսի միջոցների ձեռնարկում, որոնք կնվազեցնեն Իրանի՝ երկրի ուղղությամբ հրթիռներ արձակելու կարողությունը։
ԱՄՆ ռազմական ուժի կուտակումը, ինչպես գրում է NYT-ը, մատնանշում է հարվածների բազմաթիվ պոտենցիալ թիրախներ, այդ թվում՝ փոքր և միջին հեռահարության հրթիռների տեղակայման վայրերը, հրթիռային սպառազինության պահեստները, միջուկային օբյեկտները, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կենտրոնակայանը և այլ ռազմական օբյեկտներ։
Վերջին ամիսներին ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում լարվածությունն աճել է. փետրվարին կողմերը վերսկսել են իրանական միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցությունները։ Վերջին փուլը տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում։ Ամերիկացի պաշտոնյան շուտով Axios-ին հայտնել է, որ կողմերը առաջընթաց են գրանցել, սակայն դեռ շատ մանրամասներ կան քննարկելու։
Ավելի ուշ աղբյուրները հայտնել են պարբերականին, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և պետության ղեկավարի փեսա Ջարեդ Քուշները նրան զեկուցել են Իրանի հարցով բանակցությունների արդյունքների մասին։ Բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան ժնևյան հանդիպումը բնութագրել է որպես «դատարկ համբուրգեր»՝ նշելով, որ դա այն պատճառներից մեկն է, թե ինչու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշմանը։
CBS News-ի աղբյուրները հաստատել են, որ հանրապետականը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Այդուհանդերձ, ամերիկյան բանակը պատրաստ է հարված հասցնել Իրանին արդեն այս շաբաթ օրը՝ փետրվարի 21-ին։ Axios-ի զրուցակիցը Թրամփի խորհրդականների շրջանից առաջիկա շաբաթներին Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղղակի բախման հավանականությունը գնահատել է 90%։
Իրանին հասցվող ԱՄՆ նոր հարվածը կհանգեցներ բացասական հետևանքների. 2025 թվականի ամռանը իրանական օբյեկտներին Ամերիկայի հասցրած հարվածներն արդեն իսկ ստեղծել էին միջուկային միջադեպի ռիսկ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։