Միայն կանաչ և առնվազն 14 սանտիմետր. Ռուսաստանը խստացնում է բանանի ներկրման պայմանները

Ռոստանդարտն առաջին անգամ ընդունել է Ռուսաստան ներմուծվող բանանի համար նախատեսված ԳՈՍՏ, որն ուժի մեջ կմտնի մարտ ամսից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով համապատասխան փաստաթղթին։


Ստանդարտը տարածվում է թարմ բանանների վրա, որոնք հետագայում վաճառվելու են խանութներում։ Այսուհետ Ռուսաստան ներկրվելիս այս մրգերը կանցնեն վերահսկողություն՝ արտաքին տեսքի, համի, հոտի, ինչպես նաև հասունության աստիճանի պահանջներին համապատասխանության համար։


Արգելվում է դեղին բանանների ներմուծումը։ Պտուղները պետք է լինեն բացառապես կանաչ կամ բաց կանաչ գույնի, որպեսզի դրանք վերջնականապես հասունանան արդեն ռուսաստանյան պահեստներում կամ հատուկ նախատեսված վայրերում։


Բանանի ողկույզում թույլատրվում է առավելագույնը մեկ կտրված պտուղ, սակայն պարտադիր կանաչ պտղակոթի մնացորդով։


Մրգերը պետք է ունենան վարունգի թեթև բուրմունք, իսկ կտրելիս՝ արտադրեն կաթնահյութ։ Բանանի երկարությունը պետք է լինի առնվազն 14 սանտիմետր, իսկ մեկ ողկույզում պետք է լինի առնվազն երեք պտուղ։


Հարկ է նշել, որ ԳՈՍՏ-ը կրում է խորհրդատվական բնույթ, ինչպես Ռուսաստանում գործող պետական ստանդարտների մեծ մասը։ Դրանք ուղեցույց են ծառայում արտադրողների համար, սակայն կարող են դառնալ պարտադիր, եթե դրա մասին ուղղակի հղում կա օրենքում, պայմանագրում կամ տեխնիկական կանոնակարգում։