«Ամերիկացիներն ու ռուսներն ասում են՝ հեռացեք Դոնբասից, որ պատերազմն ավարտվի»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ը տարածքային կարգավորման հարցերում նույն դիրքորոշումն ունի, ինչ Ռուսաստանը։ Նա ընդգծել է, որ երկու կողմերն էլ, իբր, պահանջում են, որ Կիևը զիջի ամբողջ Դոնբասը, որպեսզի պատերազմն ավարտվի։ «Ե՛վ ամերիկացիները, և՛ ռուսները ասում են. եթե ուզում եք՝ պատերազմը վաղն ավարտվի, հեռացեք Դոնբասից»,- փետրվարի 20-ին Ֆրանսպրես գործակալությանը տված հարցազրույցում ասել է Զելենսկին։


Տարածքային վեճերը մնում են գլխավոր խոչընդոտը Մոսկվայի և Կիևի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի բանակցություններում։ Ռուսաստանը հայտարարում է ամբողջ Դոնբասի նկատմամբ իրավունքի մասին, թեև փաստացի վերահսկում է տարածաշրջանի միայն մի մասը։ Ուկրաինան մերժում է այդ պահանջները և պնդում է սառեցնել առաջնագծի վերահսկողությունը։ Ներկայում Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են Դոնեցկի շրջանի մոտավորապես մեկ հինգերորդը, մինչդեռ ռուսական զորքերը վերահսկում են գրեթե ամբողջ Լուգանսկի շրջանը։


Զելենսկին միաժամանակ կոչ է արել հրադադարի դեպքում շփման գծի մոտ եվրոպական զորքեր տեղակայել։ «Ուկրաինացիներն, իհարկե, ցանկանում են, որ մեր գործընկերները կանգնած լինեն մեր կողքին առաջնագծում»,- նշել է նախագահը, հավելելով, որ «ոչ ոք չի ուզում լինել առաջնագծում»։


Բազմազգ զորախմբի գաղափարը հիմնականում աջակցում են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Հունվարի սկզբին Էմանուել Մակրոնը և Քեյր Սթարմերը Զելենսկու հետ ստորագրեցին մտադրության հռչակագիր նման զորախմբի տեղակայման վերաբերյալ։ Սակայն Մակրոնը նշել է, որ զորքերը պետք է տեղակայվեն «շփման գծից հեռու», մինչդեռ Զելենսկին կնախընտրեր նրանց ռազմաճակատին ավելի մոտ տեսնել։