Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ այսուհետ բջջային օպերատորները պարտավոր կլինեն դադարեցնել կապի ծառայությունների մատուցումը՝ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) պահանջով։ Ռուսաստանի առաջնորդի ստորագրությամբ փաստաթուղթը զետեղված է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական պորտալում։
Մանրամասնվում է, որ օրենքը նախատեսում է բջջային օպերատորների պարտավորությունը՝ կասեցնել կապի ծառայությունների մատուցումը Ռուսաստանի ԱԴԾ-ից համապատասխան պահանջներ ստանալու դեպքում։ Սա վերաբերում է այն դեպքերին, որոնք սահմանված են նախագահի նորմատիվ իրավական ակտերով։
Ընդ որում, օպերատորը պատասխանատվություն չի կրի կապի ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման համար այն դեպքերում, որոնք կապված կլինեն ուժային կառույցի նշված պահանջների կատարման հետ։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին հաղորդվում էր ուժային կառույցների պահանջով կապի ծառայությունների սահմանափակման մասին համապատասխան օրինագիծը Պետդումա ներկայացնելու մասին։ Փոփոխությունները կատարվել են «Կապի մասին» դաշնային օրենքում։