Վրաստանը խորհրդանշական գին է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
2025 թվականի դեկտեմբերի սկզբին Վրաստանը մեկանգամյա կարգով և անվճար ապահովել էր Ադրբեջանից նավթի տարանցումն իր տարածքով դեպի Հայաստան, սակայն հաջորդ խմբաքանակը փոխադրվել էր ստանդարտ սակագնով։
Սակագների հարցը դարձել է քննարկման առանցքային թեման Երևանում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Հանդիպման ընթացքում Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը Վրաստանի կառավարության բարեկամական որոշման համար, որով սահմանվել է խորհրդանշական սակագնային դրույքաչափ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար։
Կողմերն ընդգծել են նաև, որ երկու երկրներն էլ հատուկ ուշադրություն են դարձնում բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների զարգացմանը։