Հիմքեր կան. ԿԸՀ-ն չպետք է թույլ տա, որ Սամվել Կարապետյանի ուժը մասնակցի ընտրություններին. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով՝ պրոռուսական դաշտի ուժերն ուղղորդվում են մեկ կենտրոնից: «Եվ այդ կենտրոնի տրամաբանությունն այն է, որ իրենց քվեներից ոչ մի հատը չփոշիանա։ Նրանք հաշվարկել են, որ Հայաստանում պրոռուսական տրամադրություններ ունեցող մարդկանց քանակն անհամեմատ ավելի քիչ է, քան պրոարևմտյան տրամադրություններ ունեցողների։ Այսինքն՝ իրենք մաքսիմոմ ունեն 38-42 տոկոս ձայն, որոնք հարմար թեկնածուի դեպքում կքվեարկեն այդ դաշտում։ Հակված են ամեն ինչ անելու այդ 38 տոկոսը չկորցնելու համար, փոխարենը անել քայլեր, որ պրոարևմտյան թևից ձայներ փոշիացնեն։ Ներքին կարգով ձևավորվում են դաշինքներ ու այնպես, որ  որևէ ուժ, որ մասնակցում է,  պրոռուսական թևի ընդհանուր պահանջվող տոկոսային դրույթից դուրս չմնա, ձաներ չփոշիացնի»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։


Այս կոնտեքստում էլ, ըստ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանին միանում են ուժեր, որոնք միայնակ գնալու դեպքում չէին անցնելու: «Իսկ այս դեպքում կանցնեն։ Մարդիկ կլինեն, որ Գագիկ Ծառուկյանի դեպքում չէին գնա ընտրության՝ այս դեպքում կգան։ Այս մարդկանցից մեկ-երկուսին կներգրավեն ցուցակում։ Ինչ-որ առումով խելացի են՝ հաշվարկել են, որ 8 տոկոսը չեն հաղթահարի, դրա համար «Բարգավաճ Հայաստանի» ցուցակով են մասնակցում՝ 4 տոկոսի խնդիր են լուծում։ Թող ներկայացնեն ծրագիր՝ այդ ժամանակ կարելի է  քննարկել։ Բայց ընդհանուր առմամբ նույն բանն են ասում՝ խնդիրները ռուսական դաշտում լուծելու, Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի սերտացնելու, ռուսական համատեքստում անվտանգություն ու տնտեսություն ապահովելու մասին, ինչը ոչ իրատեսական է»,- նկատեց մեր զրուցակիցը։ 


Նրա դիտարկմամբ՝ այդ ուժերը դեմ են ԹՐԻՓՓ-ին, ինչը միանշանակ  պատերազմ է  ենթադրում «Ռուսական ուղեծրի բոլոր ուժերը միանշանակ պատերազմի կողմնակիցներ են։ Իհարկե իրենք նշում են այսօրվա իրավիճակի բազմաթիվ թերություններ, որ ժողովրդին գրավեն, բայց այն լուծումները, որոնք իրենք են առաջարկում, ժողովուրդը դրանց կողմ չի լինի»։


Արամ Սարգսյանի խոսքով՝ ըստ ՀՀ գործող օրենքների՝  Սամվել Կարապետյանի գլխավորած ուժին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չպետք է գրանցի ու թույլ տա մասնակցել ընտրությունների: «Այնպես,  ինչպես Մոլդովայում։ Ես իրավաբան չեմ, բայց իրավաբանները ինձ մի քանի կետ են ցույց տվել, թե ինչ հիմքով։ Հիմնականը՝ դրսից ուղղորդվելու ու ֆինանսավորվելու հանգամանքն է»,- ասաց նա։


Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում