Երևանում այս տարի փոսերն ավելի շատ էին․ քաղաքապետարանը խոստանում է 200.000 քմ նորոգում

Այս պահի դրությամբ Երևանում տեղադրվել է մոտ 13.000 քառակուսի մետր ասֆալտ-բետոնե ծածկույթ, ինչպես նաև տարվա սկզբից սկսած՝ մոտ 3000-4000 փոսերի տեղային լուծումներ են տրվել, որոնց հետագայում կանդրադառնան:


Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման  վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Դարբինյանի խոսքով՝ այս ծրագիրը նախատեսված է մինչև տարվա վերջ, որն իր մեջ ներառում է 200.000 քմ փոսային նորոգման աշխատանքներ։ Ունեն 5 կապալառու ընկերություն, որոնք բոլոր 12 վարչական շրջաններում աշխատում են։


«Այս տարի միջին նորոգման աշխատանքների լայնամասշտաբ ծրագիր կա: 13 փողոցների միջին նորոգման աշխատանքների ծրագրեր ունենք այս պահի դրությամբ»,- ասաց Տիգրան Դարբինյանը։


Խոսելով այն մասին, որ Նոր Նորքում առանց բիտում ասֆալտապատում են արել, որի մասին այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ բարձրաձայնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մեր զրուցակիցն ասաց, որ կոնկրետ այդ դեպքը իրենց վարչության աշխատանքի տիրույթում չի եղել։ Նա նաև ասաց, որ տարվա սկզբից, ինչ սկսել են աշխատանքները, մի քանի դեպք արդեն արձանագրվել է։ Չարաշահումները տարբեր են լինում՝ թե՛ միտումնավոր, թե՛ զուտ բացթողումներ, բայց դրանք արձանագրվում են և հետո շինարարներին ստիպում են վերականգնել նորմերին համապատասխան։


 «Բայց կոնկրետ մեր կապալառուների դեպքում, որտեղ մեր վարչության կողմից են աշխատանքներն իրականացվում, վարչության պատասխանատու ինժեները միշտ կողքները կանգնած է։ Վերահսկողությունն այդպես է իրականացվում»,- նշեց Տիգրան Դարբինյանը։


Խոսելով նաև քաղաքացիների քննադատությունների մասին, որ ասֆալտի հետ կապված խնդիրները ծագում են հատկապես Երևանում, մեր զրուցակիցն ասաց «Իսկ որ ասում են՝ մարզերում չի առաջանում, ո՛չ՝  մարզերում առաջանում է, բոլոր տեղերում էլ առաջանում է: Եվրոպական երկրներում, որոնցից միշտ սիրում են օրինակներ բերել, թե էնտեղ  փոսեր չեն առաջանում, ո՛չ, բոլոր տեղերում առաջանում են փոսեր։ Որտեղ նոր է՝ փոսեր չեն առաջանում, որտեղ հին է՝ առաջանում են էդտեղ»,- ասաց Տիգրան Դարբինյանը։  


Նրա խոսքով՝ եթե համեմատական անցկացնենք անցյալ տարվա հետ, ապա այո, այս տարի փոսերն ավելի շատ են. դա պայմանավորված էր ձյան առատ տեղումներով և այդ ձյան հետևանքները վերացնելով, այսինքն՝ աղ ու ավազով մշակում և բացասական ջերմաստիճանի ազդեցություն, դրա համար այս տարի փոսերն ավելի շատ էին։  


«Նույնիսկ կարող են լինել ճաքեր, եթե տեղումներ չկան, ձյուն չկա, անձրև չկա, բացասական ջերմաստիճան չկա, նույն ճաքերն ավելի երկար կմնան, և երթևեկողը չի էլ նկատի, որ էդտեղ  ճաք կա։ Բայց եթե լինում են այդ հակազդող պայմանները, արդեն փոս է առաջանում, ասֆալտը քայքայվում է, և ականատես ենք լինում դրան»,- եզրափակեց Տիգրան Դարբինյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան