«Ռուսները կարող են և առանց վիզայի մուտք գործել Եվրոպա՝ ինչպես 1945-ին». Մեդվեդևը Կայա Կալլասին անվանել է «շիկահեր առնետ»

Պատերազմին մասնակցող ռուսաստանցիները եթե ցանկանան, կկարողանան առանց վիզայի մուտք գործել Շենգենյան գոտի։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։


 

Այսպես է նա մեկնաբանել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի սպառնալիքը՝ արգելել ռուս-ուկրաինական պատերազմի մասնակիցների մուտքը Շենգենյան գոտի։


 

«Կայան՝ շիկահեր առնետը, ասել է, որ աշխատում է, որպեսզի հարյուր հազարավոր ռուս նախկին զինծառայողներ երբեք չհայտնվեն Շենգենյան գոտում։ Ի՜նչ կորուստ մեր մարտիկների համար։ Դե, նրանք կարող են այդտեղ մուտք գործել առանց վիզայի, եթե ցանկանան։ Ինչպես 1812 կամ 1945 թվականներին։ Շնորհավոր Հայրենիքի պաշտպանի օրը»,- գրել է Մեդվեդևը։