Իրանին հարվածելու դեպքում ԱՄՆ-ի գլխավոր թիրախը կլինի ԻՀՊԿ ղեկավարությունը. CNN

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ղեկավարությունը կդառնա գլխավոր թիրախներից մեկը, եթե ԱՄՆ-ն որոշի լայնամասշտաբ հարված հասցնել Իրանին։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Նման սցենարը Վաշինգտոնի վարչակազմի կողմից դիտարկվում է այն դեպքում, եթե դիվանագիտությունը կամ սահմանափակ հարվածը չստիպեն Իրանին հրաժարվել միջուկային ծրագրից։ CNN-ը նշում է, որ լայնամասշտաբ գրոհը ներառելու է միաժամանակյա հարվածների շարք առավել կարևոր ռազմական և պետական օբյեկտներին, այդ թվում՝ ԻՀՊԿ ղեկավար կազմին։


Փետրվարի 17-ին Ժնևում՝ Օմանի միջնորդությամբ, տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային դոսյեի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։ Իրանի ԱԳՆ-ն հայտնել է մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման հասնելու մասին, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրի նախագծում: Սպիտակ տունը խորհրդակցությունները որակել է արդյունավետ, սակայն նշել է, որ Թեհրանը դեռ պատրաստ չէ ընդունել ամերիկյան կողմի առաջադրած մի շարք դիրքորոշումներ։