Պուտինը ասել է՝ տեղեկություններ ունի Սև ծովում գազատարների հնարավոր պայթեցման փորձի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ տեղեկություն ունի «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարների հնարավոր պայթեցման փորձի մասին Սև ծովում։


«Խոսքը վերաբերում է մեր գազային համակարգերի հնարավոր պայթեցմանը Սև ծովի հատակին։ Նրանք ինչ-որ կերպ չեն կարողանում հանգստանալ»,- ասել է Պուտինը Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստում:


«Չգիտեն՝ ինչ անել, որպեսզի խաթարեն այս խաղաղ գործընթացը՝ դիվանագիտական միջոցներով կարգավորման փորձը։ Ամեն ինչ անում են որևէ սադրանք ծրագրելու և այս ամենը խզելու համար», - հավելել է նա:


Պուտինն ընդգծել է նաև, որ հակառակորդները որևէ կերպ չեն կարողացել ՌԴ-ին հասցնել ռազմավարական պարտություն, թեև շատ են ցանկանում։ Ապա Ռուսաստանի նախագահը զգուշացրել է, թե կհասցնեն իրավիճակը «ծայրահեղ սահմանին, հետո կզղջան»։


«Երկնագույն հոսք»-ը ռուս-թուրքական համատեղ նախագիծ է, որով ռուսական բնական գազը մատակարարվում է Թուրքիա Սև ծովի հատակով՝ շրջանցելով տարանցիկ երկրները


«Թուրքական հոսքը» Ռուսաստանից Սև ծովով դեպի Թուրքիա ձգվող արտահանման գազատար է։ Գազատարի երկու ճյուղերից առաջինը նախատեսված է թուրք սպառողներին գազ մատակարարելու համար, իսկ երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար։