Ռուսաստանը միջուկային ներուժ ձեռք բերելու հարցում Կիևին ցանկացած աջակցություն կընկալի որպես ՌԴ անվտանգության համար ուղղակի սպառնալիք ստեղծելու փորձ և նման քայլերին կոշտ պատասխան կտա։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի՝ Ուկրաինային միջուկային զենք ձեռք բերելու հարցում աջակցելու մտադրության մասին տեղեկատվության առնչությամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Ռազմական միջուկային ներուժ ձեռք բերելու հարցում Կիևին աջակցելու ցանկացած քայլ մեր կողմից կընկալվի որպես մեր երկրի անվտանգության համար ուղղակի, կրիտիկական սպառնալիք ստեղծելու փորձ, ինչին մեր կողմից կտրվի անխուսափելիորեն կոշտ պատասխան», - նշվում է գերատեսչության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:
Դիվանագետի խոսքով՝ Լոնդոնը և Փարիզը մտադիր են այս տարվա ապրիլին անցկացվելիք Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերաբերյալ խորհրդաժողովի նախաշեմին աջակցել Կիևին միջուկային զենք ձեռք բերելու հարցում:
Կիևին միջուկային զենք տրամադրելու՝ Լոնդոնի և Փարիզի ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության ֆոնին Ռուսաստանը, ինչպես հայտարարել է Զախարովան, նախազգուշացնում է միջուկային տերությունների ռազմական բախման վտանգի և դրա հնարավոր ծանրագույն հետևանքների մասին:
«Մի շարք եվրոպական երկրների ղեկավարների՝ Ռուսաստանի դեմ ուղղված հայտարարությունների և գործողությունների համատեքստում, որոնք շարունակում են խրախուսել Արևմուտքի կողմից հրահրված ուկրաինական ճգնաժամի հետ կապված առճակատումը, մենք կրկին զգուշացնում ենք միջուկային տերությունների միջև ուղղակի ռազմական բախման ռիսկերի և, համապատասխանաբար, դրա հնարավոր ծանր հետևանքների մասին», - ասվում է մեկնաբանության մեջ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Կիևի միջուկային նկրտումների մասին վկայությունները բազմաթիվ են:
Ինչպես հայտարարել է Զախարովան, Ուկրաինայի միջուկային կարգավիճակի վերանայման, ինչպես նաև միջուկային զենք ձեռք բերելու ցանկացած փորձ անթույլատրելի է: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում անշեղ է և վերջնական։