Ապրիլից կենսաթոշակներն ու նպաստները բարձրանում են․ Լիլիթ Ստեփանյանը մանրամասնել է՝ ինչ է այն ենթադրում

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

Մինչև 10,000 դրամով կբարձրանան կենսաթոշակներն ու նպաստները:

 

Ապրիլի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը 24 000 դրամից կդառնա 34 000 դրամ։

 

Նվազագույն կենսաթոշակը 36 000 դրամից կդառնա 46 000 դրամ։

 

Համապատասխանաբար կբարձրանա նաև ծերության նպաստը, որը տրամադրվում է բավարար աշխատանքային ստաժ չունեցող քաղաքացիներին։

 

10 000 դրամով կբարձրանան նաև հաշմանդամության նպաստները՝ առաջին, երկրորդ և երրորդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև միջին, ծանր և խոր ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող քաղաքացիների համար։

 

Գումարները 36 000, 37 500 և 39 000 դրամի փոխարեն կկազմեն համապատասխանաբար 46 000, 47 500 և 49 000 դրամ։

 

Կվերանայվեն նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները։

 

Բարձրացում կկիրառվի նաև կերակրողին կորցնելու կենսաթոշակների և այլ առանձին սոցիալական վճարների նկատմամբ։

 

Բացի այդ, կշարունակի գործել հետվճարի մեխանիզմը՝ մինչև 20 տոկոսի չափով, առավելագույնը 10 000 դրամ։ Այսպիսով, քաղաքացիները, բացի հիմնական բարձրացումից, հնարավորություն կունենան հավելյալ մինչև 10 000 դրամ ավելացման։

 

2021֊25 թթ. Կառավարության ծրագրով մեր հանձնառությունը կարողացանք կատարել ` գրանցված տնտեսական աճի շնորհիվ։ Այս իրողությունը Կառավարությանը թույլ է տալիս ավելի մեծ թվով ու ծավալով սոցիալական ծրագրեր իրականացնել`դրական առումով ազդելով քաղաքացու կյանքի որակի վրա, որը ցանկանած իշխանության պոզիտիվ պարտականություններից է։