Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի «Գյոյթեփե» սահմանային ջոկատի ծառայողական հատվածում կանխվել է պետական սահմանը խախտելու փորձ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի
կենտրոնի տվյալներով՝ չորս անհայտ անձինք փորձել են անօրինական կերպով հատել սահմանը
Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Ադրբեջանի Հանրապետություն։
Ահազանգի հիման վրա ոտքի է ելել սահմանային անձնակազմը,
միջոցներ են ձեռնարկվել իրավախախտներին կանխելու համար։ Նրանց կարգադրվել է կանգ առնել,
և սկսվել է հետապնդում՝ նախազգուշական կրակոց արձակելով օդ։ Չարամիտները ցուցաբերել
են զինված դիմադրություն՝ կրակ բացելով և այդպիսով սպառնալիք ստեղծելով զինծառայողների
կյանքին։
Փաթեթները նետելով և օգտվելով մթությունից ու անտառապատ
տեղանքից՝ հանցագործները թաքնվել են սահմանակից պետության տարածքում:
Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցների հետ համատեղ օպերատիվ-հետախուզական
գործողությունների ընթացքում դեպքի վայրում հայտնաբերվել և առգրավվել է թմրանյութերով
լի երեք փաթեթ՝ ընդհանուր 33 կգ 900 գրամ քաշով, ինչպես նաև իրեղեն այլ ապացույցներ։
Սահմանակից կողմի սահմանային ծառայությունը տեղեկացվել
է միջադեպի մասին սահմանային ներկայացուցիչների միջոցով։
Օպերատիվ-քննչական գործողությունները շարունակվում
են։