ՀՀ կառավարությունը շարունակում է բարելավել և պարզեցնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Այդ նպատակով փետրվարի 26-ի Կառավարության նիստում համապատասխան որոշմամբ սահմանվել են հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներն ու շեմերը։
Մասնավորապես սահմանվել են, որ հայտարարագրի 2-րդ բաժնում նվազեցվող (չհարկվող) եկամուտներից չեն լրացվի, օրինակ՝
- ստացվող վարկերի գումարները,
- ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, այդ թվում՝ պետական պարգևները (մրցանակները),
- մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը՝ յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,
- և մի շարք այլ նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ։
Նույն որոշման նախագծով սահմանվել են, որ հայտարարագրման ենթակա չեն միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ ստացվող նվազեցվող եկամուտների հետևյալ տեսակները․
- ֆիզիկական անձանցից ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ստացվող գույք և (կամ) դրամական միջոցներ,
- ստացվող փոխառությունների գումարները,
- գույքի վաճառքից այլ ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները՝ բացառությամբ հողամասի վաճառքից ստացվող եկամուտների,
- աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով ստացվող օգնության գումարներ,
- ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ,
- ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ, նշված մարմինների ու կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարվող վճարումներ,
- առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող հարկային գործակալին օտարվող ոսկու և թանկարժեք քարերի դիմաց ստացվող եկամուտներ: