ՀՀ մի շարք համայնքերում ձյուն է տեղում․ առկա են դժվարանցանելի ճանապարհներ

Չնայած Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում տեղացող ձյանը՝ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները փետրվարի 27-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, բաց են։


Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։


«Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները»,-ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ: 


Նշվում է, որ սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Գյումրի-Աշոցք-Բավրա, Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Տիգրանաշեն-Զանգակատուն, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Մեղրիի լեռնանցքից մինչև Քաջարան հատվածը, Սպիտակի և Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։


Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։


Նաիրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Դիլիջանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Տավուշի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։


Դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։