Իմպիչմենտը՝ «քաղաքական իմպոտենտների» խրախճանքի գործիք

«Մենք մինչ ի մահ,  կախաղան,

Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռանք, պիտ կրկնենք
Անդադար. իշխանափոխությո՜ւն»։


Ազատության երգիչ մեծն Միքայել Նալբանդյանը, հուսանք, անդրշիրիմյան կյանքում   չի նեղանա մեզանից իր հեղինակած «Ազատություն» բանաստեղծության վերջին քառատողը այսպես ձևախեղելու համար, որի նպատակը կուսակցություններից մեկի անադեկվատ կեցվածքը ցուցանելն է։ Ընդ որում, մի քաղաքական ուժի, որը, ինչպես ժողովուրդն է ասում, մի ոտքով գերեզմանում է, մյուս ոտքով՝ Մելիք-Ադամյան փողոցի իր գրասենյակում, որտեղ էլ Սերժ Սարգսյանն ու «կոնտորան» հղանում են իրենց «փառահեղ» օրակարգերը։ Եվ ուրեմն, «իմպիչմենտի», ավելի ստույգ՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործիքը ՀՀԿ-ն նորից ներմուծել է իր գարնանային անելիքների օրակարգ՝ շատ լավ իմանալով, որ այս անգամ էլ է այդ գործիքը ոտքին գցելու՝ դրանից բխող ցավագին հետևանքներով։ Մենք արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու այս թեմային՝ ևս մեկ անգամ փորձել իմպիչմենտ հայտարարել ՀՀ վարչապետին, որը, հիշեցնենք,  ակտիվացրել էր ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։


Փաստորեն, առաջիկա շաբաթներին, երբ կսկսեն գյուղատնտեսական աշխատանքները՝ վարուցանքի, ծառերի սանիտարական էտումների և այլնի տեսքով, ՀՀԿ-ն գարնանային «թրենդից» հետ չմնալու համար կսկսի իր «վարուցանքը» խորհրդարանում։ Եվ օգտվելով այն հանգամանքից, որ եղանակները տաքանում են, օրերը՝ երկարում, կփորձի նաև փողոցային պրոցես բզբզալ, «մարդ ես, կարող ա էս անգամ կպնի, ընտրություններից առաջ մի երկու հազարի չափ մարդ դուրս գա փողոց» կանխատեսումով։  Չեք հավատա, բայց իմպիչմենտի գործիքի կիրառման հերթական՝ մոտեցող սեզոնի մասին դեմքի լուրջ արտահայտությամբ ու ներքին համոզմունքով խորհրդարանում ազդարարել է ոչ թե նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, այլ ԱԺ ՊՈՒ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ձայնակցելով  Մասիսի՝ պատիժը կրող ( նախկին ) համայնքապետ Դավիթ Համբարձումյանի «քսիֆին»։  ՊՈՒ-ի վարչապետացուն՝ Համբարձումյանը, նկատենք, նախօրեին բանտից նամակով դիմել է ՀՀԿ ԳՄ-ին՝ առաջարկելով «դիմել ընդդիմադիր բոլոր ուժերին ու գործիչներին՝ Նիկոլին հեռացնելու քաղաքական օրակարգի շուրջ միավորվելու և վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի սահմանադրական բոլոր մեխանիզմները գործի դնելու գործնական առաջարկով»։ «Իմպիչմենտը ենթադրում է նաև ակտիվ փողոց՝ ակցիաներ, ցույցեր, քաղաքացիական լայն զանգվածների ճնշում։ Սրանք նույնպես այն գործոններն են, որոնք անպայման կնպաստեն իշխանափոխության իրականացմանը՝ նույնիսկ եթե գործը հասնի ընտրություններին․․․»,- մասնավորապես նշել է Համբարձումյանը՝ առաջարկելով նաև անհրաժեշտության դեպքում քննարկել իրեն փոխելու՝ վարչապետի նոր թեկնածու առաջադրելու տարբերակը։  


Իրենց կուսակցին հորդորելու փոխարեն՝ «Դավիթ ջան, հանգիստ նստիր տեղդ, մի բզբզա, ընտրությունները քթներիս տակ ա», ՀՀԿ-ն, փաստորեն, որոշել է ԳՄ-ի մակարդակով «նիստանման» մի բան անել, քննության առնել ամբաստանյալի առաջարկը։ Համոզված ենք, որ ԳՄ-ն մոտ օրերս մի շռնդալից հայտարարություն կտարածի, որից պարզ կդառնա, որ որոշվել է մի վերջին անգամ կապել «պատրոնդաշը», ոլորել բեղերը (դրանք ունենալու դեպքում), ծուռ դնել փափախը՝ առաջիկայում «գեղամեջում» կանգնելու ու  «աղջիկներին»՝ իր էլեկտորատին հերթական անգամ խաբել պատրաստվելու համար։ Ուշադրություն դարձնենք, որ ՀՀԿ-ն ընտրություններն այլևս չի դիտարկում որպես իշխանությունը փոխելու կամ գոնե մի քանի մանդատ ճանկելու սահմանադրական գործիք, ուստի իր զբաղվածության հարցը այլևս որոշել է լուծել ժամավաճառությամբ՝ մինչև ընտրություններ իմպիչմենտի պրոցես սկսել-ձախողելով։ Պրոցես հանուն պրոցեսի, «զրո»  ակնկալիքով ու պատասխանատվությամբ։ Ինչ-որ բան հուշում է, որ «Հայաստան» դաշինքը, որն ակնհայտորեն նախընտրական ռեժիմի մեջ է՝ մարզային այցելություններ է իրականացնում, քաղաքական օրակարգ շրջանառում՝ թեկուզ հին ու մաշված թեզերը թութակելով, չի միանալու իմպիչմենտի պրոցեսին որպես այդպիսին՝ պատճառաբանելով դրա անիրագործելի լինելը։ ՊՈՒ-ն էլ, օգտվելով այս հանգամանքից, մի վերջին անգամ «փչացնելու է» Քոչարյանի «տոնը»՝ լսեցնելով էլեկտորատին, թե՝ երկրորդ նախագահը իրականում չի պայքարում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացնելու համար, միաժամանակ  բխեցնելով՝ Քոչարյանի մատը, ինչպես աղաղակում էին մի տարի առաջ,  խառն է 2018-ի հեղափոխության՝ Սերժին մերժելու մեջ։


Քաղաքական նման սնանկ, թշվառ, իմպոտենտ խմբակ, որը գործում է խորհրդարանական ընդդիմություն տիտղոսի ներքո ու մազոխիստաբար հաճույք ստանում ինքն իրեն ցավեցնելով, թերևս ՀՀ պառլամենտը երբեք չի ունեցել։


ՀԳ Հայկ Մամիջանյանը, նկատենք, լրագրողների հետ ճեպազրույցում մի ուշագրավ մտքի փայլատակում է ունեցել։ Նա մասնավորապես նշել է, թե Համբարձումյանի նամակը «պետական մտածողության, բոլորիս ընդհանրական նպատակի, այն է՝ իշխանափոխության կարևորությունը գիտակցելու և երկրորդական նպատակները, անձնական ամբիցիաները մի կողմ դնելու» մասին է։ Հետաքրքիր է՝ Մամիջանյանի համար արդյոք «պետական մտածողության» դրսևորո՞ւմ է նաև Համբարձումյանի արարքը, ինչի համար նա այսօր պատիժ է կրում՝ 2018 թ. հեղափոխության օրերին Երևանի Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելը։


Համբարձումյանի «պետական մտածողությունը» նրան հուշել է, որ Սերժ Սարգսյանի հեռացումը պետք է ամեն կերպ կանխել, իսկ այդ գործում արդարացված են բոլոր գործիքները՝ ընդհուպ ֆիզիկական բռնությունը քաղաքացու մարմնի ու կամքի նկատմամբ։ Նաև այդ  քաղաքացիների ներկայությո՞ւնն է ակնկալում ՀՀԿ-ն, երբ մեծ-մեծ բրդում է փողոցի ճնշմամբ իմպիչմենտը գլուխ բերելու մասին։


Հեղինե Մանուկյան