ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ․ Փաշինյան

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ, և սա շատ բարձր գնահատանքի է արժանի և արժանանում մեր կողմից: Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ խորանում է նաև Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը, և որ այն կառուցվում է արդեն իսկ հաստատված ավանդույթների վրա:


«Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանի զբոսաշրջիկների համար Վրաստանը եղել է, կա և շարունակում է մնալ ամենասիրված ուղղություններից մեկը, և մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանից այցելությունները Վրաստան աճում են: Սա շատ կարևոր արտահայտություն է մեր քաղաքական ակտիվ համագործակցության»,- ասաց նա: