«Լուսավորիչը» ցուցակը կհրապարակի, ՀԱԿ-ը նոր նախագահ կընտրի, Արշակն էլ կվերակազմակերպվի․ Մի ժիգուլու պասաժիրի չափ անդամ ունեցող ուժերի հայտը

2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «մի ժիգուլու պասաժիրի չափ» անդամ ունեցող կուսակցությունները որոշել են կենդանության նշաններ ցույց տալ՝ իրար գլխի հավաքվելու, խելք-խելքի տալու, ցուցակ-մուցակ ձևավորելու ու  դբա․․․ նախընտրական ռեժիմի մեջ մտնել՝ մարտն ու ապրիլը ազդարարելով համագումարների միամսյակ։

 

Եվ ուրեմն, ընթացիկ ամսվա 7-ին, ինչպես գրել ենք,  համագումար կանի Հայկ Մարությանի «Նոր ուժ»-ը։ Մարտի 14-ին էլ համագումար է հրավիրել, ինչպես պարզվեց, Սամվել Կարապետյանի մոլեռանդ բալելշիկ Լեւոն Տեր-Պետրոսյանի «ողջախոհության ճրագը»՝  ՀԱԿ-ը։ Օրակարգում է կուսակցության նախագահի ընտրությունը, կուսակցության վարչության ընտրությունն ու ծրագրի հաստատումը։ Նկատենք, որ սույն կուսակցությունը նախորդ տարվա դեկտեմբերին էր իր հերթական համագումարը հրավիրել, որի ժամանակ ընտրվել էր 29 հոգուց կազմված վարչություն։ Դե իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, ինչպես սպասվում էր,  վերընտրվել էր կուսակցության նախագահ։ Թե ինչու են «ողջախոհության ճրագները» որոշել երեք ամիս անց նորից իրար գլխի հավաքվել ու նոր վարչություն ու նախագահ ընտրել՝ մնում է անհայտ։

 

Հանրապետության ամենահայտնի լուսավորչական, նախկին դեսպան, Սամվել Կարապետյանի մեկ այլ բալեշչիկ, եթե կուզեք՝ քաղաքական ֆանատ (մեր սուբյեկտիվ տպավորությամբ) Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ն էլ ապրիլի 11-ին իր 6-րդ արտահերթ համագումարը կանի՝ հաստատելու Ազգային ժողովի 2026թ ընտրություններում ԼՀԿ ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուներին ու ԼՀԿ նախընտրական ծրագիրը։ Հետաքրքիր է՝ ցուցակի 1-ին ու 2-րդ համարներից՝ Մարուքյանից ու Խաժակյանից  բացի է՞լ ովքեր են, որ հասարակությանը նեւրկայանալու են որպես ԼՀԿ-ական՝ ակնկալելով ադեկվատ լսարանի քվեները։

 

Ի դեպ, մի երկու տարվա կյանք ունեցող մի կուսակցություն էլ՝ ՌԴ-ում ծվարած նախկին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ»-ն էլ չենք հիշում, թե որերորդ համագումարն է անցկացրել։ Երևի նախկին նախարարը ՌԴ-ում գտնվելու ու գործելու այս ողջ ընթացքում ժամանակի մեքենա է հայտնագործել ու ժամանակից առաջ ընկնելով արդեն իսկ՝ մարտի 8-ին, ժամը 16-ին  համագումարն անցկացրել  ու․․․․վերակազմավորվել է։ Չե՞ք հավատում, այցելեք «Ազդարար» հարթակ, նայեք տեղադրված հայտարարությունն ու կհամոզվեք։

 

Լևոն Տեր-Պետրոսյանը լիներ, կասեր՝ սա խենթանոց է, պարոնայք, նախընտրական  գժանոց։  

 Հ․Մ․