«Սա մեր պատերազմը չէ». Պեսկովը՝ Իրանում պատերազմի մասին

Ռուսաստանը Մերձավոր Արևելքի հակամարտության մաս չէ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Այն պատերազմը, որն ընթանում է, մեր պատերազմը չէ»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը հարցին, թե պե՞տք է արդյոք Մոսկվան ազդեցություն ունենա մերձավորարևելյան հակամարտության վրա։


Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանը չի կարող դադարեցնել պատերազմը Մերձավոր Արևելքում, բայց պետք է գործի իր շահերը ապահովելու համար, այդ թվում՝ տնտեսական։


«Մենք պետք է անենք այն, ինչը մեր շահերին է համապատասխանում։ Հիմա մենք պետք է նվազագույնի հասցնենք մեր տնտեսության համար այն գլոբալ ցնցումների հետևանքները, որոնք արդեն, տեսնում ենք, սկսվում են։ Մենք պետք է մեզ համար օգուտ ապահովենք այնտեղ, որտեղ դա հնարավոր է, որքան էլ դա ցինիկ հնչի»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։


«Ի վիճակի՞ ենք արդյոք մենք կանգնեցնել այս պատերազմը։ Ոչ, մենք ի վիճակի չենք, այն կարող է կանգնեցնել նա, ով սկսել է, ինչը, մեր կարծիքով, նրանք պետք է անեն»,- ընդգծել է նա։


Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը Իրանից օգնության խնդրանք չի ստացել, այդ թվում՝ սպառազինության։