Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից Հայաստանում իրականացված հարցման մասնակիցների 17 տոկոսը Կառավարության վերջին ամիսների ամենամեծ ձեռքբերումը համարում է անվտանգության, խաղաղության ապահովումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցին՝ Ձեր կարծիքով ո՞րն է կառավարության ամենամեծ ձեռքբերումը վերջին 6 ամիսների ընթացքում, մասնակիցների 17 տոկոսը պատասխանել է՝անվտանգության, խաղաղության ապահովումը։
Հարցվածների 9 տոկոսը Կառավարության վերջին 6 ամիսների ամենամեծ ձեռքբերումը համարել է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը, ևս 9 տոկոսը՝ ճանապարհների բարեկարգումը, 8 տոկոսը՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը, 7 տոկոսը՝ բանակում տեղի ունեցած փոփոխությունները, 7 տոկոսը՝ կրթության ոլորտի բարելավումը, 4 տոկոսը՝ խաղաղության համաձայնագրի ստորագրում (խմբ. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը), 3 տոկոսը՝ տնտեսական աճը, 3 տոկոսը՝ ԹՐԻՓՓ նախագիծը, 2 տոկոսը՝ պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետի կրճատումը, 2 տոկոսը՝ գերիների վերադարձը, 2 տոկոսը՝ կոռուպցիայի դեմ պայքարը, 2 տոկոսը՝ բնակարանաշինության ծրագրերի իրականացումը, 1 տոկոսը՝ թոշակների բարձրացումը։ Հարցվածների 10 տոկոսը նշել է այլ ձեռքբերումներ, իսկ 32 տոկոսը կարծում է, որ Կառավարությունը վերջին 6 ամիսներին ոչ մի ձեռքբերում չունի։ Հարցվածների 17 տոկոսն էլ դժվարացել է հարցին պատասխանել։
Հարցումն անցկացվել է սպոնտան պատասխանի ձևաչափով, հարցվածներն ունեցել են մինչև 2 պատասխանի հնարավորություն, ներկայացվել է պատասխանների ընդհանուր թիվը։