Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝
այն, ինչ Հայաստանը կարող էր անել Իրանի դեմ մղվող պատերազմի համատեքստում, արդեն արել
է: «Չեմ ասում՝ հիմա չպետք
է անի, հիմա էլ պետք է անի, բայց այն ընդդիմախոսները, որոնք մեղադրում են Փաշինյանին
ու ԱԺ նախագահին պեռաշկի ու կուկուռուզ ուտելու մեջ, իրենք պետք է հասկանան մեկ բան.
այսօր մեր երկրի սահմաններում ու երկրի ներսում ձևավորվել է մի իրավիճակ, որ իրենք
կարող են իրենց թույլ տալ պեռաշկի ու կուկուռուզ ուտել»,- Civic.am-ի տաղավարում
ասաց նա։
Ստեփանյանը հարցադրում է անում՝ եթե մենք օգոստոսի 8-ի իրավիճակը
չունենայինք, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը չլիներ, Ադրբեջանին ո՞վ էր կանգնեցնելու,
որ Հայաստանի դեմ պատերազմ չսկսեր: «2022-ին և 2023-ին Իրանը
մեծ դեր խաղաց, այս պահին Իրանի գործոնը հարցականի տակ է, և որևէ մեկը չգիտի՝ մի քանի
օրից այդ գործոնն առհասարակ կլինի՞, թե՞ ոչ»,- նկատեց նա։
Քաղաքագետը նշեց՝ այսօր ևս ռիսկեր ու վտանգներ կան, բայց դրանք
զգալի չափով չեզոքացվել են, որովհետև այս պահին այստեղ կա ամերիկյան ներկայություն.
«Եթե մենք շարունակեինք
մեր հույսը դնել Իրանի վրա, ինչպես ժամանակին՝ Ռուսաստանի, հիմա կարող էր Սյունիքում
պատերազմ լինել։ Մենք չափազանց կարևոր ռիսկ ու վտանգ արդեն չեղարկել ենք»։
Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ այս պահին որևէ բան չի կարելի բացառել. «Բայց փաստն այն է, որ Իրանի բոլոր հարևաններից այս պահին չեն թիրախավորվել միայն
Հայաստանն ու Թուրքմենստանը, Ադրբեջանն ու Թուրքիան թիրախավորվել են։ Սա խոսում է այն
մասին, որ մեր բռնած ուղին առնվազն ճիշտ է ու հաշվարկված»։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում