Փաշինյանի վարկանիշը շարունակաբար աճում է. պրոռուսական ուժերի ֆիասկոն

Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչների շարքում շարունակում է մնալ առաջատարը։ Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է Հայաստանում իրականացված հանրային կարծիքի հերթական ուսումնասիրության արդյունքները։ Թվերը ցույց են տալիս հետաքրքիր միտում. վարչապետ Փաշինյանի վարկանիշը նախորդ հարցումների համեմատ աճ է գրանցել։


Ըստ հարցման արդյունքների՝ կուսակցությունների շարքում էլ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է։


Քաղաքագետ Հրայր Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընդհանուր առմամբ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները շատ ավելի վստահելի են՝ իրենց մեթոդոլոգիայի առումով, անաչառության տեսակետից, քան թե մնացած բոլոր հարցումները, որ անցկացվում են Հայաստանում։ Հետևաբար այս տվյալներին մենք կարող ենք համեմատաբար ավելի լուրջ մոտենալ։


 «Էս հարցումների մեջ ամենահետաքրքիրն այն է, որ  նրանք, ովքեր նշել են, որ շատ հավանական է՝ մասնակցեն ընտրություններին, նրանց մեջ բացարձակ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիրն»-է, բայց դա 29 տոկոս վարկանիշով։ Այսինքն՝ այս հարցումների համաձայն, դեռևս մեծ թվով քաղաքացիներ կողմնորոշված չեն, մոտավորապես 28 տոկոսը, ովքեր հավանական է՝ մասնակցեն ընտրություններին։ Ուրիշ հետաքրքիր հանգամանքն այստեղ այն է, որ ՔՊ-ին վստահ քվեարկողների տոկոսը շատ ավելի մեծ է 29 տոկոս հավանական մասնակիցների միջից, քան թե հաջորդ բոլոր կուսակցություններինը միասին վերցրած։ Այսինքն՝ հաջորդ բոլոր ուժերը, դրանց բոլորի տոկոսային ձայները շատ հավանական մասնակիցների մեջ էս պահի դրությամբ կազմում են 21 տոկոս»,- ասաց քաղաքագետը։


Նա նշեց, որ հարցվածների 25 տոկոսը, ովքեր ասել են, որ շատ հավանական է՝ կմասնակցեն ընտրություններին, նշել են որևէ այլ կուսակցության կամ ուժի անուն,  իսկ 29 տոկոսը նշել է ՔՊ-ի անունը։ Եվ ըստ քաղաքագետի՝ եթե հանենք նրանց, ովքեր դեռևս դժվարանում են պատասխանել, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը բացարձակ մեծամասնություն կհավաքի։


Նա նաև ասաց, որ այդուհանդերձ մինչև ընտրություններ մենք դեռևս կտեսնենք տոկոսների փոփոխություն, որովհետև այդ 28 տոկոսը, որ դեռ չի որոշել կամ դժվարանում է պատասխանել, թե ում է քվեարկելու, բայց անպայման մասնակցելու է, այդ 28 տոկոսի ձայները թե ինչպես կբաշխվեն, դրանից կախված կլինի, թե «Քաղաքացիական պայմանագիրը» կկարողանա՞ միայնակ կազմել մեծամասնություն ԱԺ-ում և ձևավորել կառավարություն։


Վերլուծելով վերոնշյալ հարցման պատկերը, թե ինչպիսի ձայներ են ստացել Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը, տպավորություն է, որ Կարապետյանը, կարելի է ասել, փոշիացրել է ժամանակին իշխանություններին մինչև քոքը մաշելու մտադրություն ունեցող Քոչարյանի ձայները։


Այս առնչությամբ քաղաքագետն ասաց «Կա ընտրողների մի որոշակի քանակ, որոնք միևնույն է՝ ընտրելու են այդ պրոռուսական, ավելի շատ պահպանողական, ազգայնականության հողի վրա հանդես եկողին, անկախ նրանից՝ ՀՀ կառավարությունն ինչ կանի կամ չի անի։ Այդ ուժերի միջև ձայների նման բաշխվածություն է տեղի ունենում, և ես կարծում եմ, որ 2021-ին Քոչարյանին ընտրողների մի զգալի մասը հիմա ընտրելու է Սամվել Կարապետյանին, որովհետև տեսավ, որ Քոչարյանին ընտրելով չհասավ իշխանափոխության, հիմա հույսեր են կապում Սամվել Կարապետյանի հետ։ Բայց ես կարծում եմ՝ շատ իզուր, որովհետև Քոչարյանը շատ ավելի մեծ հնարավորություն, կարողություններ ու հմտություններ ուներ Հայաստանում իշխանափոխություն անելու տեսակետից, քան թե Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը շատ ավելի քիչ հնարավորություններ ունի, ուղղակի մարդիկ հիմա էլ ասում են՝ գնանք, փորձենք Սամվել Կարապետյանի միջոցով իշխանափոխություն անել»,- նշեց քաղաքագետը։


Ի հավելումն նա ասաց, որ  եթե Սամվել Կարապետյանը ձախողվի, ինչը ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի, մի երեք-չորս տարի հետո նմանատիպ մի պրոռուսական, ավտորիտար, այդ արժեքները կրող ուժի կամ գործչի են այդպես քվեարկողները փորձելու աջակցել։        


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան