ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում հրապարակած գրառմամբ կոշտ հայտարարություններ է արել Իրանի վերաբերյալ՝ նշելով, որ Թեհրանը այլևս չի հանդիսանում Մերձավոր Արևելքում ազդեցիկ ուժ։
«Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է։ Այդպես կմնա տասնամյակներ շարունակ՝ մինչև կապիտուլյացիան կամ լիակատար փլուզումը»,– գրել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Իրանը ծանր իրավիճակում հայտնվելով ներողություն է խնդրել իր մերձավորարևելյան հարևաններից և խոստացել այլևս չկրակել նրանց ուղղությամբ։
Թրամփը նշել է, որ այդ խոստումը տրվել է ԱՄՆ-ի և Իսրայելի շարունակական հարձակումների հետևանքով։ Նրա պնդմամբ՝ Իրանը երկար ժամանակ ձգտել է վերահսկել Մերձավոր Արևելքը, սակայն այժմ պարտություն է կրում տարածաշրջանում։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ քննարկվում է Իրանի այն հատվածներին հարվածելու հնարավորությունը, որոնք մինչ այժմ չեն թիրախավորվել։
«Իրանն այսօր շատ ուժեղ հարված կստանա։ Մենք լրջորեն քննարկում ենք հարվածել Իրանի այն հատվածներին, որոնց մինչև հիմա հարվածներ չեն եղել»,– գրել է Թրամփը։