Առաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է «Հեղափոխություն 3»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կուսակցականակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին և ներկայացրել իշխող թիմի ռազմավարական նպատակները։ Վարչապետի ձևակերպմամբ՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները նշանավորվելու են որպես «պատմաքաղաքական հեղափոխություն»։


Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հեղափոխական փուլերի իր ընկալումը.


  • 2018 թվական. Ներքաղաքական հեղափոխություն։

  • 2021 թվական. Սոցիալ-հոգեբանական և մտածողության հեղափոխություն։

  • 2026 թվական. Պատմաքաղաքական հեղափոխություն, որը երկիրը դուրս կբերի «գոյատևման ցիկլից» և կդնի հարատև զարգացման ռելսերի վրա։


Անդրադառնալով Գյումրիում տիրող իրավիճակին՝ վարչապետը նշել է, որ քաղաքում դեռևս հեղափոխական իշխանություն չի եղել, և խորհրդարանական ընտրություններից շատ չանցած՝ քաղաքում տեղի է ունենալու «Գյումրի 1»-ը։


Վարչապետը հայտարարել է, որ այս ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նպատակը պարզապես հաղթանակը չէ, այլ բացարձակ սահմանադրական մեծամասնություն ստանալը։


«Մեր նշաձողը 65% է այս ընտրություններում։ Ժողովրդին պետք է, որ խաղաղության թիմը ստանա բացարձակ մեծամասնություն»,- ընդգծել է նա։


Ելույթի առանցքային մասը վարչապետն ուղղել է անհատ քաղաքացուն՝ շեշտելով անձնական պատասխանատվության դերը երկրի ապագայի հարցում։ Նա կոչ է արել քաղաքացիներին լինել զգոն և տեր կանգնել պետականությանը։


«Այդ հեղափոխությունը անելու որոշում պետք է կայացնի ընդամենը մի մարդ, և այդ մեկ մարդը դու ես»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։