Ֆորպոստի վերադարձի փորձ․ ո՞վ է փորձում մարիոնետների միջոցով ազդել ՀՀ ընտրությունների վրա

ՀՀ-ում մոտ երեք ամսից կայանալիք խորհրդարանական ընտրությունները վճռորոշ են լինելու մի շարք առումներով՝ ինչպես ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների, տնտեսական ապագայի, պաշտպանունակության ու խաղաղության ամրապնդման, այնպես էլ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի մաքրազարդման և բյուրեղացման առումով։ Պատահական չէ, որ գալիք ընտրություններում մասնակցության հայտ են ներկայացրել այնպիսի քաղաքական ուժեր, որոնք ՀՀ՝ դիվերսիֆիկացված արտաքին  քաղաքական «կուրսը» խցանելու, եթե չասենք՝ «տոռմուզ անելու» ակնհայտ հանձնարարական ունեն։  Բավական է միայն հետևել խորհրդարան մտնելու ախորժակ ցուցաբերող, ակնհայտորեն արտաքին կենտրոնից թելադրվող  որոշ քաղաքական սուբյեկտների դիրքավորմանը («Հավերժ Ռուսաստանի հետ») և հնչեցրած  հայտարարություններին (մասնավորապես  եվրաինտեգրացիայի խորացման, ԵՄ-ին անդամակցության, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սերտացման վերաբերյալ), որպեսզի պարզ դառնա, թե քաղաքական որ շրջանակի մասին է խոսքը, և արտաքին որ դերակատարի կողմից է ուղղորդվում այդ շրջանակը։


Համապետական ընտրություններն, անխոս, բացառիկ առիթ են ՀՀ ապագայով «մտահոգ» արտաքին քաղաքական դերակատարների համար, որպեսզի  կարգի հրավիրեն «ճիշտ ճամփից շեղված» ու իրենց «կոնտրոլի տակից» դուրս եկած ՀՀ-ին։ Իսկ ինչպե՞ս։  Անշուշտ, տեղական և ազդեցության իրենց արիալում գտնվող իրենց իսկ մարիոնետների ու մանկլավիկների միջոցով՝ վերջիններիս ակտիվորեն ներգրավելով ընտրական պրոցեսում, ընդ որում՝ այդ պրոցեսում թե՛ ուղիղ, թե՛ միջնորդավորված մասնակցության միջոցով։ Հարցերի հարցն այն է, թե արդյոք  քաղաքական, հանրային վստահելիության առումով կենսունա՞կ են հիշյալ մարիոնետները նման այնպիսի բարդ խնդիր կատարելու համար, ինչպիսին ՀՀ գործող իշխանությանը հեռացնելն ու Հայաստանը վերստին «ֆորպոստային» տրամաբանությանը վերադարձնելն է։ Սոցիոլոգիական վստահելի հարցումները վկայում են՝ ոչ։ Ավելին, այդ սուբյեկտներն իրենց ռեյտինգով մի քանի անգամ զիջում են կառավարող ուժի ղեկավարին ու նրա գլխավորած քաղաքական ուժին։ Արդ, ի՞նչ պետք է անեն շահագրգիռ ուժերը՝ Հայաստանի հանդեպ իրենց  «դաստիարակչական» գործողություններն իրականացնելու համար։ Այո, պետք է բանեցնեն ասիմետրիկ պատերազմի զինանոցը՝ քարոզչականից մինչև մարդկային (քվեարկելու իրավունք ունեցող կրավորական էլեկտորատ)՝ բռնանալու ՀՀ քաղաքացիների ազատ կամքին, արհեստականորեն ազդելու ընտրությունների պատկերի վրա, խեղաթյուրելու դրանց վերջնարդյունքը։


Քանի որ ՀՀ-ում 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո գրողի ծոցն է ուղարկվել ընտրական զեղծարարությունների ու կեղծիքների մեխանիկան, ուստի դժվարացել է արտաքին դերակատարների՝ ՀՀ-ում ընտրական գործընթացներով սեփական դրածոյին «թագադրելու» գործը։ Բայց, ինչպես «հնարամիտ գողերը նույն կողպեքը բացելու 100 բանալի ունեն», այնպես էլ արտաքին շահագրգիռ կենտրոնները առնվազն տասնյակ հնարքներ գիտեն իրենց ֆավորիտ թեկնածուին ՀՀ ապագա վարչապետի աթոռին բազմեցնելու համար։  


Արտաքին հետախուզության ծառայության՝ երեկ տարածած հայտարարությունը որոշակիորեն բացահայտում է վերը նկարագրված «պլանը»։ Ըստ ԱՀԾ ստացած հետախուզական տվյալների՝ «այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով՝ տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն»։  Ընդ որում, ինչպես ԱՀԾ-ն է հավաստում, այդ գործողությունները ներառում են ինչպես տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցությամբ, այնպես էլ այլ գործողություններով։ Թե հատկապես ո՞ր այլ գործողությունների մասին է խոսքը, ո՞ր արտաքին դերակատարների ու նրանց կողմից մասնավորապես ո՞ր քաղաքական ուժերին աջակցելու մասին է խոսքը՝ հայտարարությունը տարածած կառույցը չի մանրամասնել՝ ենթադրությունները թողնելով հանրությանը։ 


Հարկ է նշել, որ արդեն տևական ժամանակ տեղեկություններ են շրջանառվում «դրսից»՝ ՌԴ-ից  ՀՀ «մարդ բերելու» և ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի ուժի օգտին քվեարկել տալու մասին։ Այս մասին, ի դեպ, ժամանակ առաջ Civic.am-ի տաղավարում հայտարարել էր «Ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտ»-ի փոխնախագահ, «Հայ կյանք»-ի և «USA Armenian Life»ի-ի հրատարակիչ և խմբագիր Աբո Չափարյանը։ Նա նշել էր, թե ջավախքցի մեծահարուստ «Արմեն Ղարսլյանը Տաշիր Սամոյի օգտին քվեարկելու համար ՌԴ-ից մինչև 200.000 մարդ է բերելու»: Նշենք, որ Ղարսլյանը Պերմի երկրամասի Օրենսդիր ժողովի բյուջետային կոմիտեի նախագահն է։


Նկատենք, որ սփյուռքահայ մեր հայրենակցի այս հայտարարությունից անցել է մի քանի շաբաթ, սակայն նրա հայտնած տեղեկությունը չի հերքվել Սամվել Կարապետյանի կամ նրան փոխկապակցված անձանց կողմից։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ծնունդով Լոռիից Արփի Դավոյանն էլ նախօրեին «Ֆակտոր»-ի տաղավարում է նշել, որ բազմաթիվ ահազանգեր է ստանում մարզի մի շարք բնակավայրերի  քաղաքացիներից (Սամվել Կարապետյանի ծննդավայր Տաշիրը նույնպես Լոռու մարզում է), թե «մարդկանց ասում են, որ գումար կտան՝ ընտրություններին մասնակցելու համար»։ Խոսքն այս դեպքում ՌԴ-ում ապրող քաղաքացիների մասին է։ Այս բոլոր ահազանգերը պատգամավորը փոխանցել է իրավապահներին։


Ի դեպ, օրերս ՔՊ-ի ներկուսակցական քարոզարշավի ժամանակ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը  Գյումրիում քաղաքացիներից մեկի հետ ուշագրավ հարցուպատասխան ունեցավ։ Մի կին նշեց, որ Մոսկվայից է եկել։ Փաշինյանը հետաքրքրվեց՝ եկել է, որ իրենց դե՞մ քվեարկի։ Կինն արձագանքեց՝ ոչ, եկել է իր՝ Փաշինյանի համար քվեարկելու։ Հարցուպատասխանի ժամանակ այնուհետ Փաշինյանը նկատեց, թե լուրեր կան, որ ՌԴ-ից մարդկանց են բերելու՝ ընտրություններին քվեարկելու համար։ «Թող բերեն, էնտեղ արված մեր հարցումները վկայում են, որ 84 տոկոսը քվեարկելու է մեր օգտին»։ Դրսից՝ ՌԴ-ից ՔՊ-ին «դեմ» քվեարկելու նպատակով «մարդ բերելու» թեման ՀՀ վարչապետն արծարծեց նաև նախորդ շաբաթ լրագրողների հետ ճեպազրույցում։ Նա մասնավորապես նշեց «Համոզված եմ, եթե այդ խողովակով մարդիկ գալու են, այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը քվեարկելու է ՔՊ-ի օգտին, որովհետև նրանք չեն կարող քվեարկել իրենց արտագաղթի օգտին, իրենք կարող են քվեարկել իրենց ներգաղթը ապահովելու օգտին, որը 2025-ին արդեն իսկ սկսվել է»։  


Հարկ է նշել, որ Սամվել Կարապետյանը «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախագահն է։ Ասոցիացիան գործում է որպես համաշխարհային և հայկական բիզնես համայնքների միջև բաց երկխոսության հարթակ:  Հիշյալ ասոցիացիայի հիմնադիրներից են մասնավորապես Comedy Club արտադրության հիմնադիր, «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստատեսային» ենթահոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Ջանիբեկյանը, ռուսաստանահայ գործարար, «Ավիլոն» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը, Ռուսաստանում ալկոհոլային արտադրանքի ամենախոշոր ներկրող Luding ընկերության համահիմնադիր, բարերար Արմեն Շահազիզյանը։  Ռուսաստանաբնակ այս գործարարները, անխոս, ազդեցության ահռելի լծակների են տիրապետում ու ենթադրաբար կարող են միջնորդավորված ազդեցություն ունենալ գալիք ընտրական պրոցեսի վրա այն տրամաբանությամբ, որը ներկայացված է ԱՀԾ հայտարարության մեջ։   


 Նշենք, որ Ռուսաստանի պետական վիճակագրական դաշնային ծառայության համաձայն՝ վերջին մարդահամարն այդ երկրում անցկացվել է 2020-2021 թվականներին, տվյալները վերջնական ամփոփվել ու հրապարակվել են 2022 թվականին ըստ այդ մարդահամարի՝ ՌԴ-ում հայերի թիվը կազմել է մոտ 950 000։

  

Հ. Մ.