Կտրիճ Ներսիսյանը և իր խումբը
ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը, և դա շատ պարզ բացատրություն
ունի։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ
ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես գնում եմ պատարագների և տեսնում
եմ, որ պատարագների ժամանակ շեղվում են պատարագի տեքստից և հղում են անում Արցախի Հանրապետությանը և այլն, և այլն։ Շատ լավ,
հասկացանք, ենթադրենք՝ բոլորս հղում ենք անում Արցախի Հանրապետությանը։ Դա ի՞նչ է նշանակում,
դա նշանակում է կոնֆլիկտ։ Դա նշանակում է նախ կոնֆլիկտ, հետո էդ տեսությունը եթե մենք
որդեգրում ենք, էդ ճանապարհին պետք է գնալ կոնֆլիկտի։ Բա ո՞նց ենք լուծում։ Ամեն էդպիսի
նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ, էսօր, վաղը, մյուս օրը»,- ասել է վարչապետը։
Այս առնչությամբ մեզ հետ զրույցում
պատմաբան Գագիկ Սաֆարյանն ասաց, որ ինքը՝ որպես պատմաբան և հայ եկեղեցու պատմության
մասնագետ, ասում է, որ Կտրիճ Ներսիսյանն այսօր Հայ առաքելական եկեղեցու հետ ոչ մի աղերս
չունի։
«Վարչապետը բազմաթիվ անգամներ
հայտարարել է, որ Կտրիճ Ներսիսյանն ինքն իրեն դուրս է դրել Մայր Աթոռից։ Եվ մենք էլ
տարիներ շարունակ դա հայտարարում ենք։ Տիրապետելով հայ եկեղեցու անցած դարավոր պատմությանը,
և այսօրվա իրավիճակը, որի մեծ մեղավորը Կտրիճ Ներսիսյանն է և այն խունտան՝ մի քանի
եկեղեցականներով, որոնք այսօր կատարում են հակապետական գործունեություն, ուղղակի վարչապետը
պիտի կոնկրետ քայլերի դիմի»,- ասաց պատմաբանը։
Նրա խոսքով՝ պատարագներում հնչող
այդ հայտարարությունը ոչ թե կոնֆլիկտային, այլ ազգադավ հայտարարություն է։ Հայաստանում
արտաքին քաղաքականությունը, ինչպես այսօր նշել է վարչապետը, իրականացվում է միայն ու
միայն ՀՀ կառավարության միջոցով, այսինքն՝ եթե եկեղեցին նման հայտարարություն է անում,
ուրեմն զբաղված է հակապետական գործունեությամբ։
Բացի դրանից, Գագիկ Սաֆարյանը
նաև կարծում է, որ Կտրիճ Ներսիսյանի՝ Շվեյցարիայում արած հայտարարությունը, նրա հովվապետական
այցը Բելառուս ոչ այլ ինչ է, քան շեղել մեր ժողովրդի ուշադրությունը այն հակապետական,
հավատուրաց գործունեությունից, որն այսօր էլ շարունակում է Հայ եկեղեցին։
«Մեր վարչապետը պետք է վերջ տա իր գործունեության
մեջ հանդուրժողականության և ներողամտության սկզբունքով գործելուն՝ առ հակապետական ուժեր,
առ, առաջին հերթին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգևորականներ՝
Կտրիճ Ներսիսյանի ղեկավարությամբ, որովհետև նրանք դարձել են դավաճանական, հակապետական
քաղաքականության գործիքակազմի առաջամարտիկները, որոնց թիվ մեկ նպատակն այն է, որ ռևանշիստական,
մերժված ուժերը գան իշխանության, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Հայոց պետականության
հետագա գոյությունը դրվում է մեծ հարցականի տակ»,- ասաց Գագիկ Սաֆարյանը և հավելեց՝
եթե մենք գնում ենք խաղաղության հաստատման
ճանապարհով, եկեղեցու, այսպես կոչված, տերերը, որոնք բռնազավթել են Մայր Աթոռը, ի՞նչ
իրավունք ունեն զբաղվելու այնպիսի գործունեությամբ, որը հակասում է մեր պետության շահերին։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան