Մարտի 10-ը հաջող չէր Սարգսյան ընտանիքի համար։ Հայտնի դարձավ, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի երկու եղբայրների՝ Սաշիկ և Լևոն Սարգսյանների հանդեպ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Լյովա Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ վստահված գույքը հափշտակելուն դրդելը: Դատախազը Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ ևս հանրային քրեական հետապնդում է հարուցել։ Սաշիկ Սարգսյանն էլ է հետապնդվում Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն դրդել): Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտարարվել հետախուզում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախաքննական մարմինը փետրվարի 24-ին միջնորդել է
դատարանին Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ կալանք կիրառել։ Նա մեղադրվում է
առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ, երբ եղբայրը՝ Սերժ Սարգսյանը, ՀՀ
պաշտպանության նախարար էր։ Մեղադրանքի համաձայն՝ նա 2001-2018 թվականներին
օգտագործել է իր ազդեցությունը իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական
միջոցները վատնման եղանակով հափշտակելու համար։
Ինքը՝ Սերժ Սարգսյանը, նկատենք, ևս քրեական հետապնդման է ենթարկվում։
Անկեղծ ասած, այս հաղորդագրություններին ծանոթանալիս
վերհիշեցինք Սերժ Սարգսյանի նախագահ եղած ժամանակ արած հայտնի արտահայտությունը՝ «Ազնվություն
գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա». սա է ցանկալի հաջողության բանաձևը:
Այստեղ է, որ մենք պետք է հենվենք գործի գիտակների վրա: Կոռուպցիան դիլետանտների
համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն տհաճ է, վանող և պարզապես անշահավետ»:
Հետաքրքիր է՝ Սարգսյան եղբայրները տհաճություն
զգացե՞լ են իրենց վերագրվող արարքները կատարելիս, թե՞ առաջնորդվել են
«կոռուպցիա գումարած պրոֆեսիոնալիզմ հավասար է գերագույն հաճույք» բանաձևով։
Հարգում ենք բոլորի անմեղության կանխավարկածը, բայց չենք կարող միաժամանակ չնշել,
որ պետական ունեցվածքի նկատմամբ այսպիսի «եղբայրական» վերաբերմունք ցուցաբերած
մարդիկ խոսում են ՀՀ-ում օր առաջ իշխանափոխության, կառավարող ուժի
կոռումպացվածության և այլ տխմարությունների մասին։ Ակնհայտ է, որ միայն
իշխանափոխությունն է, որ կազատի Ազատիչներին քրեական հետապնդումից։