Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում. Սրբուհի Գալյան

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է։ Այն նախատեսվում է քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, ինչպես նաև խորհրդարանական համանուն խմբակցությունում։


Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում։


«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ է աշխատում։ Ամեն շաբաթ նիստեր ենք հրավիրում, և տեքստն արդեն պատրաստ է՝ ինչպես խոստացել էի։ Սակայն հրապարակման վերաբերյալ դեռևս նորություն չկա, քանի որ որոշվել է այն նախ քննարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում և խորհրդարանական խմբակցությունում։ Դրանից հետո կընդունվի որոշում տեքստի հրապարակման վերաբերյալ»,- նշել է նախարարը։


Գալյանը նաև հստակեցրել է, որ նոր Սահմանադրության նախագծի հայեցակարգային դրույթները մշակվել էին ավելի վաղ, իսկ ներկայիս տեքստը կազմվել է հենց այդ դրույթների հիման վրա։


Նրա խոսքով՝ մոտեցումն այն է, որ Սահմանադրության կենտրոնում լինի մարդը՝ քաղաքացին և ժողովուրդը, իսկ գործող կառավարման համակարգից շեղում չի նախատեսվում։


«Կարծում ենք, որ ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտությունը պառլամենտար համակարգն է։ Միաժամանակ իրականացրել ենք բավականին մեծ փոփոխություններ՝ փորձելով ավելի ապակենտրոնացնել իշխանության թևերը և ապահովել դրանց միջև ավելի լավ բալանս։ Օրինակ՝ Ազգային ժողովին տրամադրվում են վերահսկողական լրացուցիչ մեխանիզմներ վարչապետի գործունեության նկատմամբ»,- նշել է Գալյանը։


Դատական իշխանության մասով նախատեսվում է ներդնել երդվյալ ատենակալների ինստիտուտի հնարավորություն։ Նախատեսվում է նաև որպես սկզբունք սահմանել գործերի երկաստիճան բողոքարկման հնարավորությունը, գործերի գրավոր քննության տարբերակը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման հնարավորություն, ինչը ներկայումս բացակայում է։


Ավելի վաղ Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստը կհրապարակվի 2026 թվականի մարտին։