Սահմանադրության նոր Ներածությունը դեռ հրապարակված չէ, Հռչակագրին հղումը չկա․ Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խորհրդարանական ճեպազրույցում տեղեկացրեց, որ այս պահին ներկայացված Սահմանադրության տեքստում Ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրին հղումը Ներածության մեջ է։


 Նախարարը հավելեց, որ Ներածությունը նույնպես հրապարակային կլինի, երբ ավարտվեն քննարկումները, և հանրությունը կկարողանա ծանոթանալ նրա բովանդակությանը։


«Սահմանադրությունը պարզ օրինագիծ չէ, սա մեր պետության իրավական հիմքն է, և մեկ քննարկումով չենք կարող ամփոփել մեր մտքերը», – ընդգծեց նա։


Սրբուհի Գալյանը նշեց, որ Սահմանադրության նոր տեքստի հրապարակման ժամկետները դեռ հայտնի չեն, քանի որ հանրաքվե նշանակված չէ, և իրենք ցանկանում են հանրությանը տալ բավարար ժամանակ՝ ծանոթանալու տեքստին և կատարել ճիշտ ընտրություն։


Նախարարը չի բացառել, որ նախագիծը կարող է հրապարակվել մինչև խորհրդարանական ընտրությունը և որ հրապարակված տեքստը կլինի փոփոխելի՝ քաղաքացիների և ոլորտի մասնագետների կարծիքների հիման վրա հնարավոր փոփոխություններով: Վերջնական որոշումը՝ Սահմանադրությունն ընդունել-չընդունելու մասին, կմնա ժողովրդի ձեռքում: