ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հինգշաբթի և ուրբաթ օրերին կայցելի Հայաստան՝ նպատակ ունենալով ամրապնդել Եվրոպական միության և Հայաստանի համագործակցությունը և զարգացնել տարածաշրջանային կապակցվածությունը։


Երևանում հանձնակատարը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկումների առանցքում կլինեն առաջիկա ԵՄ–Հայաստան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև տրանսպորտային, թվային, էներգետիկ և առևտրային կապերի զարգացումը։ Կողմերը կանդրադառնան նաև տարածաշրջանային իրավիճակին և Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության հարցերին։


Մարթա Կոսը հանդիպում կունենա նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ՝ քննարկելու ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 270 միլիոն եվրոյի դիմադրողականության և աճի ծրագրի իրականացումը։ Հանդիպումից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիս։


Հանձնակատարը կքննարկի տարածաշրջանային զարգացումները նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։


Այցի շրջանակում Կոսը կուղևորվի նաև Գյումրի, որտեղ կայցելի ԵՄ ֆինանսավորմամբ գործող ձեռնարկություններ։ Նշվում է, որ մինչև 2024 թվականը ԵՄ ծրագրերն աջակցել են ավելի քան 7,000 հայկական բիզնեսների և նպաստել ավելի քան 20,000 աշխատատեղի ստեղծմանը։


Գյումրիում հանձնակատարը կայցելի նաև վերականգնվող պատմական շուկան և նորարարական կենտրոն, ինչպես նաև ելույթ կունենա Շիրակի պետական համալսարանում։ Նա կհանդիպի նաև Երիտասարդ եվրոպացի դեսպանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ԵՄ ծրագրերին ներգրավված լրագրողների հետ։