«Թռա՞ծ», թե՞ «դավաճան». Ռոբերտ Քոչարյանն իր փափագը կփորձի իրագործել կուսակցափոխ եղածներով

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը  վարչապետ դառնալու իր երազանքը այս էլ որերորդ անգամ կփորձի իրականացնել ՀՅԴ-ի, իր աջակիցների հիմնադրած «Առաջ Աջակենտրոն» կուսակցության  և ոչ կուսակցական «սաստավի» հետ՝ ի դեմս «Հայաստան» խմբակցության անկուսակցական անդամների ու մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների միջոցով ու աջակցությամբ։ Փաստորեն, Սյունիքի նախկին ՀՀԿ-ական մարզպետ Վահե Հակոբյանի հիմնադրած «Վերածնվող Հայաստան»-ին, որը 2021-ին ձևավորված ու խորհրդարան մտած «Հայաստան» դաշինքի անդամ կուսակցությունն էր, փոխարինելու է եկել մեկ այլ նախկին ՀՀԿ-ականի (համա)հիմնադրած կուսակցությունը՝ «Առաջ Աջակենտրոն»-ը, որի ղեկավար Սարգիս Խաչատրյանը հայտնի է որպես «Տարոնի Սաքուլիկ»։ Նա 2025-ին Վաղարշապատում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ, հիշեցնենք, գլխավորում էր «Հաղթանակ» դաշինքը, որը ձևավորել են ՀՅԴ-ն ու նորեն․․․ «Առաջ Աջակենտրոն»-ը։ Այդ ընտրությունների ժամանակ, սակայն, Քոչարյանն ու նրա շրջապատը քիչ էր մնում երդվեին, որ չեն սատարում  Սևակ Խաչատրյանի թեկնածությանը՝ այսպիսով խուսափելով ասոցացվել վերջինիս հետ, մտավախություն ունենալով, որ «Քոչարյանի հովանավորյալ լինելու» հանգամանքը կիսով չափ կրճատելու է Սևակ Սասունիչի ստանալիք ձայները։ 


Հիշեցնենք՝ Սևակ Խաչատրյանը եղել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության երբեմնի խորհրդի անդամը, Երիտասարդական խորհրդարանի «Հանրապետական» խմբակցության երբեմնի ղեկավարը, 2014 թ. մայիսի 24-ին էլ դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ, եղել է նաև ԵՊՏՀ պրոռեկտոր, այս պաշտոնին էլ հրաժեշտ է տվել 2018-ին՝ հեղափոխությունից որոշ ժամանակ անց։ Ռոբերտ Քոչարյանը, փաստորեն, մնացել է նախկին «սերժական»-ի ստեղծած կուսակցության (չհաշված իր «մշտական սերը»՝ ՀՅԴ-ն) հույսին, մեկի, որն իր քաղաքական  կենսագրության արդյունքում ձեռք է բերել այդպես էլ չմոռացվող ծաղրա-ստորացուցիչ մականուն՝ «կիլդիմ բռնող Սաքուլիկ»։  Ճաշակի հարց է, ինչ արած։ Հարկ է նկատել, որ այս կուսակցության հիմնադիր անդամներից է նաև Նարեկ Մանթաշյանը՝ մեկ այլ նախկին ՀՀԿ-ական, որը Սերժ Սարգսյանի օրոք եղել է գյուղատնտեսության նախարարի օգնական, ՀՊՏՀ-ի ուսխորհրդի նախագահ, ըստ մամուլի՝ կարկառուն ՀՀԿ-ականներ ԷՇարմազանովի, ԱԲախչագուլյանի, Գալուստ Սահակյանի որդու մտերիմ շրջապատից։ Մանթաշյանը հենց  ՀՀ-ում «վլաստը» փոխվեց, դարձավ մոլի քոչարյանական, համալրեց Քոչարյանի «աջարակիցների» շարքերը, պայքարում էր «իր հերոս», «Մարտի 1»-ի գործով ամբաստանվող Քոչարյանի ազատության համար։ Նարեկ Մանթաշյանը երևի իր անձնուրաց նվիրումի համար պատիվ ունեցավ․․․ չէ, ոչ թե ընդգրկվել «Պատիվ ունեմ»-ի, այլ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 59-րդ հորիզոնականում, բայց այդպես էլ սպասելով մնաց իր «փայ» մանդատին։  


Քոչարյանի թիմի մեկ այլ ներկայացուցիչ՝ Աննա Գրիգորյանն էլ, որին, ըստ լուրերի, Քոչարյանը «մի այլ կարգի տեղ է տալիս» ու խոնարհվում վերջինիս խելքի, հմայքի առաջ,  կուսակցական անցյալ ունի։ Նա, հիշեցնենք, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից հետո, մանդատ ստացավ, ապա կայծակնային արագությամբ լքեց իրեն պատգամավոր դարձրած խմբակցությունն ու «թունդ ընդդիմադիր» պատգամավորի կարգավիճակում սկսեց գանահարել Նիկոլ Փաշինյանին։ Կապանցի Գրիգորյանը, նկատենք,  2020 թվականին աշխատել է  ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում՝ եղել է միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ: Քոչարյանի «լյուբիմիցան», ի դեպ, հասցրել է այս ընթացքում կարճ ժամանակով կուսակցական դառնալ ու լքել կուսակցությունը։ Խոսքը Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան»-ի մասին է։ Մամուլը ժամանակին գրեց, որ նախքան Հակոբյանի՝ «Հայաստան» դաշինքը լքելու որոշման մասին հայտարարելը՝ Աննա Գրիգորյանը դուրս է եկել կուսակցությունից։ «Մեզ ասացին՝ Աննային հեռացրել են կուսակցությունից, որովհետև Վահե Հակոբյանը դժգոհ է նրանից, համարել է, որ նա պետք է իր բոլոր քայլերը համաձայնեցնի իր հետ, ինչը նա չի արել։ Աննա Գրիգորյանն այս օրերին ԱԺ պատվիրակության կազմում գործուղման է մեկնել Մադրիդ»,- գրել էր մամուլը։


Նախօրեին համալիրյան միջոցառման ժամանակ, ի դեպ, Աննա Գրիգորյանի ՀՅԴ-ական կոլեգա Արթուր Խաչատրյանը գործընկերուհուն  բեմ հրավիրելիս «հալվելով» էր ներկայացնում նրա «քաղաքական բարեմասնությունները»՝ կարծես տիկինը նոմինացված լիներ «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ «առաջին պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։  Տպավորություն էր, թե շուտով բեմ է բարձրանալու մեկ այլ ՀՅԴ-ական՝ Գառնիկ Դանիելյանի սիրելի դերասանուհի Մոնիկա Բելուչին, բայց ոչ․․․ Ֆիքսեցինք, որ Գրիգորյանի ելույթի «ճաճանչափայլ» դրվագների ժամանակ՝ «Արարատը մերն է, Խուստուփը մերն է, Գանձասարը մերն է» և այլն, Քոչարյանը հուզվել էր՝ դիմագծերը պրկելու աստիճան։ Ինչպիսի էքսպրեսիա։  


Ի դեպ, նույն Քոչարյանը ժամանակին մեկ այլ՝ իր օրոք պետական բարձր պաշտոն զբաղեցրած գործիչներից մեկի «դավաճանական» արարքին արձագանքելով նշել էր. «Մեկ անգամ դավաճանողը ընդունակ է դա անել երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ»։


Աննագրիգորյանների ու մյուսների որոշումներին՝ հանուն ամբիցիաների լքել քաղաքական թիմն ու կուսակցությունը, զերծ ենք մնում գնահատական տալ՝ հետևությունները թողնելով և՛ իրենց՝ «թիմից թռածի» կարգավիճակ ունեցողներին, և՛ նրան, որն իր  «հարկի» տակ  ընդունել, տեղ է տվել ու պատրաստվում է պատգամավոր սարքել հիշյալ սուբյեկտներին։


Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանն էլ է ժամանակին կուսակցական եղել (բացի ԽՄԿԿ անդամ լինելուց)՝ ՀՀՇ-ական, այն էլ` ոչ շարքային: ՀՀՇ առաջին համագումարում նա ընտրվել է ՀՀՇ վարչության անդամ։ ՀՀՇ-ի կառավարման շրջանում (1990-1998թթ.), նկատենք, նա մի քանի անկեղծ թե քծնողական ներբողներ է ձոնել Լևոն Տեր-Պետրոսյանին, որոնք բազմիցս հրապարակվել են մամուլում:


Ժամանակն է, որ ՀՅԴ-ն հարց բարձրացնի  իրեն շահագործող, թրաֆիքինգի ենթարկող երկրորդ նախագահի առաջ՝ չի ուզո՞ւմ մի դիմում էլ ինքը գրի՝ անդամագրվի ՀՅԴ-ին՝ զենքի վրա երդում տալով։ Իսկ գուցե արդեն անդամագրվե՞լ է, պարզապես գաղտնի է պահում, որ Դաշնակցության հայրերը իրենց գերեզմաններում շուռ չգան։


Հ. Մանուկյան