ՊՈՒ-ն եկեղեցի-պետություն հարաբերությունների թեմայով «ջութակ-մութակ քոքելու» փոխարեն լավ կանի զբաղվի իր ապագայի հարցով

Սպասում էինք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կկատարի խոստումն ու գարնանամուտը կնշանավորի ՀՀ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու պրոցեսը աշխուժացնելով կամ էլ, ասենք, քաղբանտարկյալների թեման նորից «խոդի կտա»՝ պարապ չնստելու, մի բան բզբզալու, ընդդիմադիր աշխատանքի իմիտացիա անելու  համար։  Բայց ոչ։ Խմբակցությունը որոշել է մի քիչ բազմազանություն մտցնել իր ոչ այժմեական, իրականությունից կտրված  օրակարգում՝ այս անգամ շոշափելով եկեղեցու թեման։


Եվ մինչ քաղաքական դաշտում իրարանցում է, գործընկեր «Հայաստան» խմբակցությունը քափ-քրտինք կտրած պատրաստվում է հունիսի 7-ի ընտրություններին, վարչապետի իր թեկնածուի մասին հայտարարում, ՊՈՒ-ն, իմա՝ Սերժ Սարգսյանը, որոշել է «թիթեռ նկարել»՝ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ՝ «Պետություն-Ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա իրավիճակի առնչությամբ» վերնագրով։


Սույն հայտարարության տեքստում մասնավորապես նշված է, որ այն «չի հանդիսանում որևէ անձի աջակցություն և չի բովանդակում դավանաբանական գնահատականներ»։ Այն «միտված է մասնավորապես պետության և կրոնական կազմակերպությունների իրավասության սահմանազատման հստակեցմանը»։ Ասել կուզի՝ այս տեքստով չենք ստանձնել Գարեգին Բ-ի կամ նրա եղբոր, և կամ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսի փաստաբանությունը, այլ փորձում ենք ցույց տալ, որ մտահոգված ենք (սա միակ բանն է, որին ընդունակ ենք այսօր)։ Հայտարարության նախագծով առաջարկվում է «արձանագրել այն սկզբունքային դիրքորոշումը, որ պետության գործողությունները կրոնական կազմակերպությունների նկատմամբ պետք է իրականացվեն բացառապես Սահմանադրությամբ և օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում՝ պահպանելով չմիջամտելու սկզբունքը և խղճի ու կրոնի ազատության երաշխիքները։ Միաժամանակ նախագիծը նպատակ ունի ընդգծել, որ բարձր հանրային նշանակություն ունեցող հարցերի լուծման ընթացքում կարևոր է դատական իշխանության անկախությունը, արդար դատաքննության սկզբունքի պահպանումն  ու գործընթացների  ապաքաղաքականացումը»։


Տպավորություն է, որ ՊՈՒ խմբակցությունում տեղյակ չեն, չեն հետևում ընթացող դատական գործընթացներին, որոնք իրականացվում են օրենքի տառին և Սահմանադրության ոգուն համապատասխան։ Այս համատեքստում կա՞ մեկ կրոնավոր, որը կվկայի՝ իշխանությունն իր գործողություններով խախտել է իր խղճի և կրոնի ազատությունը։ Ինչ վերաբերում է «չմիջամտելու» սկզբունքին, ապա  ՊՈՒ-ն մեկ գրամ բարոյականություն ունենալու դեպքում պետք է նման մի հայտարարության տեքստ ԱԺ մուտք աներ այն օրերին, երբ եկեղեցու բարձր սպասավոր Բագրատ Գալստանյանը, Գարեգին Բ-ի գիտությամբ ու օրհնությամբ, պահանջում էր եկեղեցուց անջատ պետական ինստիտուտի՝ կառավարության ղեկավարի հրաժարականը, ավելին՝ գրոհում էր նաև ԱԺ շենքը։ Նույն Գարեգին Բ-ն երբ անձամբ 2020-ին և դրանից հետո հաստատակամորեն պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որտե՞ղ էին  ՀՀԿ-ն կամ  ՊՈՒ-ն, ինչո՞ւ այսօրինակ հայտարարության նախագծեր չէին երկնում՝ դատապարտելով պետության գործերին միջամտելու  եկեղեցու գործողությունները։ Չէին երկնում, քանի որ իրենք էլ շահառու էին տեղի ունեցող պրոցեսներին, մասնակցում էին դրանց՝ թաքնվելով եկեղեցականի վեղարի տակ։ 


Այնպես որ, ՊՈՒ-ն լավ կանի՝ եկեղեցի-պետություն հարաբերությունների թեմայով «ջութակ-մութակ քոքելու, ոտանավոր կարդալու» փոխարեն զբաղվի իր քաղաքական ապագայի, գալիք  խորհրդարանում լինել-չլինելու հարցերը հոգալով։


Ահագին օգտակար գործ արած կլինի։ Ինքն իր համար։ 

 Հ. Մ.