Անհրաժեշտ է ոչ միայն դեպքերին արձագանքող, այլև իրավունքները խթանող մոտեցում․ ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին

Մարտի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մուրազ Շամոյանին։

 

Ողջունելով հյուրին՝ Պաշտպանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ու խթանման ոլորտը իր պաշտոնավարման սկզբից է սահմանել որպես ՄԻՊ հաստատության առաջնահերթ ուղղություն։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են խոսքի ազատության, եզդիական համայնքի առնչությամբ հանրության տեղեկացվածության ոչ բավարար մակարդակի, եզդիերենի ուսուցման, վաղ ամուսնությունների կանխարգելման ոլորտում առկա, ինչպես նաև «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի ընդունման կարևորության հետ կապված հարցեր: