Առանձնակի դաժանությամբ սպանության համար ցմահ ազատազրկում է նախատեսված. Գալյանը՝ ծեծից մահացած երեխայի մասին

«Առանձնակի դաժանությամբ սպանության համար նախատեսված է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում»:


Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով 1,2 տարեկան երեխայի ծեծի դեպքին ու նման դեպքերը կանխելու կամ մեղմացնելու նպատակով քրեական օրենսգրքում պատժի փոփոխություններ իրականացնելու մասին հարցին:


Գալյանը նշել է, որ չի պատկերացնում, թե ցմահ ազատազրկումից ավելի խիստ ինչ տեսակ պատիժ կարելի է սահմանել:


«Դրանից ավել ի՞նչ նախատեսվի քաղաքականություն մշակող մարմնի կողմից, մահապատի՞ժ նախատեսվի: Ես ձեզ նորություն պետք է ասեմ, որ Հայաստանը և Եվրոպայի Խորհուրդը մահապատժից զերծ գոտի են, և մարդու իրավունքների ու ազատությունների վերաբերյալ կոնվենցիան արգելում է մահապատիժը»,- նշել է նա: