«Ռուսական կողմից պարզաբանման ենք սպասում». Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Զախարովայի հայտարարության վերաբերյալ

Վերջին ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան, պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականության վերաբերյալ արած արտահայտությունների վերաբերյալ հարցին, առանց թեմայի հետ որևէ կապի փորձել է հիշատակել Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը, ինչն անընդունելի է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։


«Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը նման համատեքստում հիշատակելը անհարգալից դրսևորում է նրա ժառանգության և ադրբեջանական ժողովրդի նկատմամբ։


Նման հայտարարությունները չեն համապատասխանում պաշտոնական ներկայացուցչից ակնկալվող չափանիշներին։


Դիվանագիտությունը պահանջում է կարգապահություն, ճշգրտություն և պատասխանատվություն, ոչ թե անհիմն հայտարարություններ, որոնք կարող են ուժեղացնել լարվածությունը և խաթարել վստահությունը։


Մենք ռուսական կողմից սպասում ենք պարզաբանման այս հայտարարության վերաբերյալ», - հավելել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։