«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին քարոզարշավի ընթացքում՝ մարզային այցելությունների ժամանակ, քաղաքացիները ջերմ ընդունելության են արժանացնում կառավարող ուժին, կարևորում խաղաղության հաստատումը, կառավարության կողմից տարբեր ոլորտներում կատարված ահռելի աշխատանքը՝ առողջության համընդհանուր ապահովագրությունից մինչև դպրոցաշինություն ու սոցիալական ոլորտում կատարված մի շարք բարեփոխումներ։
«Ընդդիմությունը տեսնում է
նման ընդունելությունը և հասկանում՝ այլևս շանս չունի, դա է երևի նաև պատճառը, որ հրապարակում են անհասկանալի հարցումների արդյունքներ
և ժողովրդի աչքին թոզ փչում, թե իրենք ունեն աջակցություն»,- Civic.am-ի հետ զրույցում
հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ
Ջուլհակյանը ի պատասխան հարցի՝ համակարծի՞ք է ընդդիմության այն պնդումների հետ, թե
ՔՊ-ն այլևս չունի հանրային աջակցություն, հարցականի տակ է Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ
լինելը, և ՀՀ հաջորդ վարչապետը լինելու է ընդդիմության առաջնորդը։ «Այդ հարցումները
նաև իրենց՝ ընդդիմությանն են վնասում, քանի որ նման հարցումներ իրենք հրապարակում էին
նաև 2021-ին, և տեսանք, թե քվեարկության պատկերն ինչ ցույց տվեց։ Ընտրությունների հաջորդ
օրն իրենք արթնացան խիստ հիասթափված, նույն հիասթափությունը նրանց սպասվում է նաև հունիսի
8-ին։ Այնպես որ, նման հարցումներով իրենք
բացի այն բանից, որ խաբում են հանրությանը, նաև ինքնախաբեությամբ են զբաղված»,- նկատեց
Ջուլհակյանը։
Անդրադառնալով ընդդիմադիր
դաշտից հնչող հավաստիացումներին, թե՝ իրենք կգան իշխանության, կվերաբանակցեն խաղաղության
փաստաթուղթն ու արժանապատիվ, երաշխավորված խաղաղություն կբերեն Հայաստանին, ոչ թե այնպիսին,
ինչպիսին Փաշինյանի բերածն է՝ կախված Ալիևի կամքից, պատգամավորը հակադարձեց․ «Բոլոր այն կուսակցություններն ու ընդդիմադիր լիդերները, որոնք
խոսում են խաղաղության գործընթացի վերաբանակցման, այսպես ասած՝ ռևիզիայի մասին, դա
ուղիղ ճանապարհ է դեպի պատերազմ։ Խոսել այն մասին, որ գալու են, խաղաղության գործընթացը
վերսկսելու են «սեփական կետից»՝ առնվազն զավեշտական
է նաև այն իմաստով, որ ժամանակին հենց իրենք էին Նիկոլ Փաշինյանին մեղադրում ԼՂ բանակցային
գործընթացը ձախողելու և «սեփական կետից» սկսելու համար։ Հիմա, փաստորեն, իրենք հայտարարում
են նույնն անելու մասին։ Եվ երբ խոսում են երաշխավորված խաղաղության մասին, թող ասեն՝
այդ ո՞ր երկրում են նման խաղաղություն տեսել»։
Նկատեցինք՝ Քոչարյանն օրերս
բերեց Կիպրոսի օրինակը, ինչին ի պատասխան մեր զրուցակիցը հակադարձեց՝ Կիպրոսի օրինակի վկայակոչումը նշանակում է չիմանալ Կիպրոսի կոնֆլիկտի պատմությունը։ «Կիպրոսի, որը, փաստորեն, երկու մասի
է բաժանվել, և դա արել է Կիպրոսի անվտանգության երաշխավորներից մեկը։ Նման օրինակ բերողը
կամ չգիտի կոնֆլիկտի պատմությունը, կամ փորձում է խաբել ժողովրդին, կամ էլ՝ երկուսը
միաժամանակ»։
Արուսյակ Ջուլհակյանի հետ զրուցել ենք նաև Ռոբերտ
Քոչարյանի նախկին մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի՝ «Վեստի»-ին տված հարցազրույցում
ընտրությունների վերաբերյալ ուշագրավ հայտարարության, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի
«վերադարձի իրավունքի» վերաբերյալ Քոչարյանի խոստման և այլ հարակից հարցերի մասին։
Հարցազրույցի ուշագրավ մանրամասները՝
տեսանյութում։
Հեղինե Մանուկյան