Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ԱՄՆ-ի հետ հիմնական բանակցողն է։ Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։
Այսօր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անցած երկու օրվա ընթացքում կողմերը վարել են «արդյունավետ բանակցություններ», մինչդեռ Իրանի ԱԳՆ-ն հերքել էր Վաշինգտոնի հետ որևէ շփում։
Նա հավելել է, որ հիմնվելով բանակցությունների «բնույթի և տոնի» վրա, որոնք նա բնութագրել է որպես «խորը, մանրամասն և կառուցողական», ինքը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ նախապես ծրագրված ռազմական հարվածները։
Ամերիկյան առաջնորդը նաև ասել է, որ բանակցությունները վարվում են «Իրանում ամենահարգված մարդու» հետ։ Նա ընդգծել է, որ խոսքը Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մասին չէ։ Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։