Զախարովայի «սպռավոչկան»՝ Քոչարյանի խոսնակի կատարմամբ

«Ճակատամարտ Կովկասի համար». սա այն օպերացիայի և կամ պլանի անունն է, որը եղբայրական երկիր, ռազմավարական դաշնակից Ռուսաստանը մտադիր է իրականացնել Հայաստանում առաջիկայում սպասվելիք ընտրական գործընթացի միջոցով։  


Մինչ տեղական՝ ՌԴ-ի ուղղորդմամբ ու ակնհայտ աջակցությամբ  ԱԺ ընտրություններին մասնակցել պատրաստվող ընդդիմադիր շրջանակները փորձում են ամեն կերպ հերքել իրենց թիկունքում երևացող ռուսական «ականջների» գոյությունը, Քոչարյանի նախկին խոսնակ, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր, Կիրիենկոյի «արտահաստիքային»  հուշարարի դերը ստանձնած Վիկտոր Սողոմոնյանը բացահայտում է առաջիկա ընտրությունների հետ կապված Ռուսաստանի խաղաքարտերը։ Այն է՝ ընդդիմադիր դաշտում խաղացող դերակատարների՝ «ուժեղ  խայռենասեռների», «համապատասխան «նոյյան տապանի» ու  ղարաբաղը հետ բերող «բլեֆովշիկների» միջոցով ՀՀ-ում վերցնեն «վլաստը»։  


Իրավիճակ, որի դեպքում, ինչպես նախկին խոսնակն է շեշտում՝ արմատապես կփոխի Հայաստանի կողմից վարվելիք արտաքին քաղաքականության կուրսը, կբերի այդ կուրսի «բալանսավորման»,  շատ հարցերում՝ ավելի «ռուսամետ կողմնորոշման»։  


Ինչն է ուշագրավ՝ այս համատեքստում Սողոմոնյանը խոսում է ռուսամետներին դիվահարող, այսահարող հարցի՝ Արևմուտքի կողմից ՀՀ գործող ռեժիմին, Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող աննախադեպ աջակցության մասին։ Այդ աջակցության վկայությունը, ըստ Սողոմոնյանի, ընտրություններից  առաջ՝ մայիսին, ՀՀ-ում տեղի ունենալիք Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովն է։ Որ է՛լ ավելի «այսահարիչն» է՝ ԵՄ-ի կողմից Հայաստան ուղարկվելիք հիբրիդային արագ արձագանքման խումբը՝ ԱԺ ընտրություններին ընդառաջ սպառնալիքներին, մասնավորապես Ռուսաստանի կողմից ընտրական պրոցեսին միջամտություններին դիմակայելու համար։ Ահա այս զազրելի «եվրամիջամտությունները» հիմք են տալիս Սողոմոնյանին՝ ՄԳԻՄՕ-ում դասավանդելու մակարդակի պրոֆեսորին, անել եզրակացություն՝ «գալիք ընտրությունները լինելու են, թող ամպագոռգոռ չհնչի, ինչ-որ իմաստով ճակատամարտ՝ Կովկասի համար»։ 


Փաստորեն, ճակատամարտի երկու կողմերում ԵՄ-ն ու ՌԴ-ն են , ճակատամարտի «թատերաբեմն» էլ՝ սուվերեն Հայաստանն իր խորհրդարանական ընտրություններով։ Սա ամենացցուն ու աղաղակող վկայությունն է, թե որքան է կարևորում ՌԴ-ն գալիք ընտրությունները՝ «ճիշտ ճամփից» շեղված, եվրոպական «բաղերում» մոլորված   «կրտսեր եղբորը» ուշքի բերելու, իր  «անշառ-անփորձանք» կուշտը նորից վերադարձնելու համար։  


Վիկտոր Սողոմոնյանի մտահանգումները լսելիս, անկեղծ ասած, դեժավյու ապրեցինք, մեզ թվաց՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ տիկին Զախարովայի ամենաշաբաթյա բրիֆինգներից մեկին ենք հետևում,  որոնց ժամանակ տիկին Զախարովան «դիվանագիտական» սրացումներ է  ունենում, երբ բանը հասնում է «Եվրամիություն», Հայաստան բառերը կողք կողքի հոլովելուն։ Տիկնոջ մտքի ալմաստներից մի երկու օրինակ՝ «Արևմուտքի ապակառուցողական քաղաքականությունը  Հարավային Կովկասում թափ է հավաքում», «Եվրամիությունը ցանկանում է ոչնչացնել ռուս և հայ ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը»։ Հապա այս մեկը՝ «Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման կուրս է վարում, և Արևմուտքը Երևանի միջոցով ջանում է դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»։ Վիկտոր Էռնեստովիչն, ինչ խոսք, լավ է սերտել գասպաժա Զախարովայի սպռավոչկաները՝ հուշելով,  որպեսզի տիկնոջ ասած դարավոր բարեկամությանը չսպառնա Արևմուտքը, ԵՄ-ի՝ Հայաստանի հողին դիպած անիծած ոտքը ջարդվի ու չքվի Հայաստանից, ռուսական օրհնված սապոգն էլ նորից պնդավորվի «հայոց լիս աշխարհի վրա», եղբայրական Ռուսաստանը պիտի հաղթի Հարավային Կովկասի ճակատամարտի հայաստանյան ֆրոնտում։ Դա հնարավոր է մի դեպքում՝ եթե Հայաստանում գալիք ընտրություններում հաղթի ռուսամետ ընդդիմադիր կոնգլոմերատը,  Էռնեստովիչի նախկին շեֆը՝ Ռոբերտ Քոչայանն իր գրպանային կուսակցությամբ ու ՀՅԴ-ով, Գագիկ Ծառուկյանն իր տապանով ու ՌԴ պետական հեռուստատեսության եթերումՆիկոլ Փաշինյանի սորոսական լինելը «պեչատած»  «Դոնբասի Անդոյով» և իհարկե ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանն  իր «սիլաչներով», չհաշված մանր-մունր А мы уйдём на север! քաշի կուսակցությունները։  Վիկտոր Սողոմոնյանին պետք է արժանին մատուցել՝ ՌԴ-ի նախընտրական պլանը բացահայտելու ու ՀՀ ընտրողներին կողմնորոշելու համար։ Նրանք այլևս պետք է իմանան, որ մասնակցելու են ընտրական ճակատամարտի, բայց ոչ թե ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մղվելիք, այլ՝ հանուն Հայաստանի անկախության ու ինքնիշխանության, ընդդեմ Հայաստանի ֆորպոստացման։ Հենց Հայաստանի այդ հեռանկարի համար է, որ ՌԴ-ն, սողոմոնյանական  ձևակերպմամբ, պատրաստվում է ճակատամարտ տալ հունիսի 7-ին և հատկապես մինչև հունիսի 7-ը՝ հիբրիդային էսկալացիաների, գրոհների,  ագրեսիաների, ինչու չէ՝ նաև տեռորի տեսքով։


Հեղինե Մանուկյան