Գավառում քաղաքացիների հետ հանդիպմանը
Նարեկ Կարապետյանը պնդել է, թե «Ուժեղ Հայաստանը» իր ձայները տալու է Սամվել Կարապետյանին՝
որպես Հայաստանի վարչապետ։
Նարեկ Կարապետյանը նաև գրազ է
առաջարկել։
Նրա գրազի առաջարկը ընդունել
է Ռուբեն Ռուբինյանը՝ կասկածի տակ դնելով պնդումը, թե «Ուժեղ Հայաստանը» ընտրություններից
հետո իր ձայները տալու է Սամվել Կարապետյանին՝ առաջարկելով մեկ միլիարդ դոլարի վրա
գրազ գալ, որ «Ուժեղ Հայաստանը» իր ձայները ուրիշին է տալու։ Նա նաև նշել է, որ այդ
գումարը կգնա պետբյուջե։
Կարձագանքի՞ արդյոք Նարեկ Կարապետյանը
Ռուբեն Ռուբինյանին։
Բայց եկեք հասկանանք՝ որտեղի՞ց
ՔՊ-ին վստահություն, որ «Ուժեղ Հայաստանը» իր ձայները ոչ թե Սամվել Կարապետյանին է
տալու, այլ մեկ ուրիշին։
ՔՊ-ական
մեկ այլ պատգամավոր՝ Արման Եղոյանը, հաստատ գիտի, որ մեր ձևովականները Սամվել Կարապետյանին
չեն տալու իրենց ձայները, և հիմնավորել է՝ «անկախ ընտրությունների արդյունքներից՝ օգոստոսի 2-ին
9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի մեկնարկից րոպեներ անց հանրապետության
նախագահը պետք է ԱՆՀԱՊԱՂ վարչապետ նշանակի նորընտիր Ազգային ժողովի մեծամասնության
ներկայացրած թեկնածուին, և այդ թեկնածուն չի կարող լինել վերջին չորս տարում
Հայաստանից բացի այլ պետության քաղաքացիություն ունեցած կամ վերջին չորս տարում
Հայաստանում մշտապես չբնակված անձը։
Այսինքն՝
այս տարվա օգոստոսի 2-ին
Ազգային
ժողովի մեծամասնությունը չի կարող հանրապետության նախագահին ներկայացնել Սամվել
Կարապետյանի, Սնուփ Դոգի կամ Զեմֆիրայի թեկնածությունը, կարող է ներկայացնել Նիկոլ
Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արման Թաթոյանի կամ Էդմոն... մի խոսքով՝ վերջին չորս
տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող և վերջին չորս տարում Հայաստանում
մշտապես բնակվող մեկի թեկնածությունը»,- գրել է Եղոյանը։
Այդ դեպքում ինչո՞ւ են ձևովականները այդքան վստահ
հայտարարություններ անում, գրազ առաջարկում։ Անգամ կարող են հանգիստ ընդունել Ռուբեն
Ռուբինյանի՝ մեկ միլիարդ դոլարի վրա գրազի առաջարկը։ «Ուժեղ Հայաստան»-ում գիտեն, որ չունեն բավարար քվեներ մեծամասնություն ստանալու։ Հետևաբար չի ստեղծվելու
իրավիճակ, երբ ստիպված կլինեն քվեարկել այս կամ այն ուժի օգտին։ Իսկ եթե հանկարծ ընդդիմությունը
կարողանա Գյումրի-2 սցենարն իրականացնել, ապա ուրիշ թեկնածուի քվեարկելը կբարդեն ժողովրդի
վրա, քանի որ իրենք Սամվել Կարապետյանի վարչապետության համար սահմանադրական մեծամասնությանն
են հղում անում։ Իսկ այդպիսի ձայներ անգամ հավաքական ընդդիմությունը չունի։ Հետևաբար,
ցավոք, գրազի արդյունքը չենք կարողանա տեսնել, իսկ մեկ միլիարդ դոլարը չի մտնի ՀՀ բյուջե
կամ, գոնե, այդ ճանապարհով չի մտնի։
Վոլոդյա Հակոբյան