Ադրբեջանը պետք է պատժիչ գործողություններ չձեռնարկի ԼՂ ներկայիս և նախկին պաշտոնյաների կամ ռազմական անձնակազմի նկատմամբ. ՄԱԿ-ի դատարանում քննվում է ՀՀ-ի հայցը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանում Հայաստանը հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի։ Այսօրվա նիստում դատարանը հիշեցրեց, որ 2021 թվականին դատարանը միջանկյալ միջոցներ է կիրառել, որով Ադրբեջանը պարտավոր է հարգել 2020 թվականից հետո ձերբակալված բոլոր անձանց իրավունքները, ձեռնարկել բոլոր միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմը։
Նաև երկու կողմերը պետք է ձեռնպահ մնան գործողություններից, որոնք կարող են բարդացնել խնդրի լուծումը դատարանում։
Հայաստանը նոր միջնորդություն է ներկայացրել, որպեսզի նոր միջանկյալ միջոցներ կիրառվեն։
Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, ակնհայտորեն խախտելով հրադադարի համաձայնագիրը, ռազմական հարձակում է նախաձեռնել 120 հազար հայերի նկատմամբ։ Քաղաքացիական անձանց նկատմամբ ոճրագործությունների մասին արժանահավատ տեղեկություններ են ստացվել։ Ռազմական գործողություններից 8 օր անց տասնյակ հազարավոր հայեր հարկադրաբար տեղահանվել են։
Հայաստանը խնդրում է, որպեսզի դատարանը կիրառի մի շարք միջոցներ.
Հայաստանը պահանջում է, որ Ադրբեջանը դուրս բերի իր ուժերը Լեռնային Ղարաբաղից, որևէ խոչընդոտ չառաջացնի, որպեսզի ՄԱԿ-ը հասանելիություն ունենա ԼՂ էթնիկ հայերին, ինչպես նաև Ադրբեջանը պետք է ապահովի գազի և էլէկտրաէներգիայի մատակարարումը Ղարաբաղ, պետք է պատժիչ գործողություններ չձեռնարկի ներկայիս և նախկին պաշտոնյաների կամ ռազմական անձնակազմի նկատմամբ։ Ադրբեջանը չպետք է որևէ հուշարձան ոչնչացնի, որն առկա է Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանը պետք է նաև տեղեկություններ ներկայացնի բոլոր միջոցների մասին, որոնք ձեռնարկել է։
Ադրբեջանը պետք է նաև ապահովի Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։
Դատարանը լսելու է երկու կողմերին էլ՝ թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին։ Նրանք ելույթ են ունենալու այսօր։