Հիբրիդային հարձակումներ ու սպառնալիքներ, որոնց մասին կանխատեսել էր Արտաքին հետախուզության ծառայությունը

Որքան մոտենում են գալիք խորհրդարանական ընտրությունները, այնքան ավելի են ակտիվանում կառավարող ուժի դեմ հիբրիդային հարձակումները, ընդ որում՝ ամենաեղկելի դրսևորումներով։ Նախօրեին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպը, երբ պատարագին ներկա քաղաքացիներից մեկը որոշեց ազատություն տալ ձեռքերին՝ փորձելով հարվածել ՀՀ վարչապետին,  դրան էլ նախորդած մեկ այլ միջադեպ՝ ԱԺ նախագահի հասցեին քաղաքացիներից մեկի հնչեցրած հայհոյանքը (միջադեպերի ցանկն այսպիսով չի եզրափակվում), վկայում են հիբրիդային գործողությունների գերակտիվացման, եթե  չասենք՝ գերագրեսիվացման մասին։


Ապշեցուցիչն այն է, որ հայրենի ընդդիմությունը, որը քամահրանքով է վերաբերվում հիբրիդային հարձակումների մասին իշխանության պնդումներին, ոչ միայն չի դատապարտում պետական պաշտոնյաների նկատմամբ տեղի ունեցող հարձակումները, այլև հրճվում ու խրախուսում է նման գրոհները։ Իսկ գուցե նաև այն պատճառով, որ այդ գրոհների կազմակերպման հետևում հենց ինքն է կանգնած։


Հարկ է նշել, որ  այսօր քարոզչական մակարդակում առկա իրավիճակի մասին հանգամանորեն նշված է Արտաքին հետախուզության ծառայության 2026 թվականի զեկույցում։ Մի փաստաթուղթ, որից նույն ընդդիմությունը, ի դեպ, սիրում է մեջբերումներ անել, բայց միայն այն հատվածները,  որոնք սպասարկում են իր այդ րոպեի քարոզչական շահը։ Մասնավորապես՝ Իրանին, այդ երկրում տեղի ունենալիք (արդեն տեղի ունեցող) ռազմական գործողություններին վերաբերելի հատվածը։

Իսկ փաստաթղթի կարևոր հատվածներից՝ հիբրիդային սպառնալիքներին վերաբերող գլխում շարադրվածը հայրենական ընդդիմությանը չի հետաքրքրում։

Արդ, մի քանի մեջբերում զեկույցի այդ հատվածից, որտեղ գրեթե ոսկերչական ճշգրտությամբ նկարագրված են այն գործողությունները, որոնց ականատես եղանք օրերս և, թերևս, ականատես կլինենք առաջիկայում։  «2025 թվականին Հայաստանն առնչվել է հիբրիդային սպառնալիքների նյութականացման տարբեր դրսևորումների, որոնք 2026 թվականի ընտրություններով պայմանավորված, մեծ հավանականությամբ, կդառնան ավելի ընդգրկուն, ավելի բարդ, ավելի մասշտաբային։ ․․․Որպես ազդեցության գործողությունների դրսևորում՝ 2026 թվականին կարող են շարունակվել Հայաստանի Հանրապետության կառավարության ու օրենսդիր մարմնի բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց ընտանիքի անդամների թիրախավորումը, նրանց դեմ զրպարտչական նոր արշավների ձեռնարկումը։ Միաժամանակ կարող է իրականացվել թիրախավորող կողմի համար ցանկալի քաղաքական և այլ գործիչների կերպարի խթանում, առաջ մղում»։


Նշենք, որ ընդամենը երեք օր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ընտրական ցուցակի հաստատման քվեարկության օրը ԶԼՄ-ներից մեկի ներկայացուցիչը թիրախավորեց ԱԺ նախագահի մորը, որը որպես կուսակցության պատվիրակ մասնակցում էր քվեարկությանը։


Զեկույցում հիշատակվում է նաև «գործակալական ցանցի, ազդեցության գործակալների, գործարարության քողարկմամբ քաղաքականությամբ զբաղվող այլ դերակատարների, հոգևոր-մշակութային կառույցների ու դրանց՝ հանրային ճանաչում ունեցող ներկայացուցիչների ակտիվացման» մասին։


«2025 թվականի ընթացքում արդեն իսկ արձանագրվել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին արտաքին միջամտությունների աճ։ Նշված գործիքակազմը ներառում է ինչպես Հայաստանում գործող գործակալական ցանցի ու սատարվող ուժերի ակտիվացում, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական կյանքում արտաքին ուժերի հետ կապված նոր քաղաքական ուժերի կուլտիվացման գործողություններ (քաղաքական ինժեներիա)։ Ներքին անկայունացման հիբրիդային գործողություններից են իբրև թե «տեղական» քաղաքական ակտիվության կուլտիվացիան, տարբեր եղանակներով դրա ֆինանսավորումը, ինչպես նաև տեղեկատվական աջակցությունն ու կազմակերպումը»,-մասնավորապես նշված է զեկույցում։ 

 

Ուշագրավ է նաև զեկույցի այն հատվածը, որտեղ խոսվում է խաղաղության գործընթացի, ԹՐԻՓՓ-ի մասին։ Այդ երկու գործընթացների արժեզրկմամբ ջերմեռանդորեն զբաղված քաղաքական ուժերն ու լիդերները, ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանն+ՀՅԴ+․․․ կոնգլոմերատն է, ինչպես նաև Ռուսաստանից Հայաստան գործուղված Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ը։ Նրանք են, որ աղաղակում են Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղության «թույլիկ» ու «մազից՝ Ալիևի կամքից» կախված լինելու մասին՝ խոստանալով բերել «ուժեղ» ու «երաշխավորված» խաղաղություն։ Այդ նրանք են, որ խոսում են ՀՀ-ԱՄՆ նախագծի՝ ԹՐԻՓՓ-ի վերաբանակցման և նոր  կողմերի, մասնավորապես ՌԴ-ին, Չինաստանին,  ներգրավելու մասին։ Մասնավորապես Ռ. Քոչարյանը, նկատենք, մեկ անգամ չէ, որ զոռ տալով երևակայությանն ու քաղաքական գիտելիքներին, ահազանգում է այդ նախագծի՝ «Իրանի դեմ ուղղված լինելու», «Իրանին հետախուզելու նպատակ ունենալու» մասին։ Արդ, մեջբերենք ԱՀԾ զեկույցի՝ խնդրո առարկաներին վերաբերող  հատվածները։ «Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունները հետապնդում են մի շարք նպատակներ, այդ թվում՝ արժեզրկել ու իմաստազրկել խաղաղության հաստատման հնարավորությունը, դրա փաստը, խաղաղության հասնելու ճանապարհի ձեռքբերումները և դրա հետ կապված դրական մթնոլորտը, սերմանել դավադրապաշտական մտքեր, որ իբրև թե առկա են գաղտնի համաձայնություններ՝ ուղղված Հայաստանի շահերի դեմ, շահագործել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների զգայնությունները՝ մեր հասարակությանը մատուցելով կեղծ աշխարհաքաղաքական և իրականությանը չհամապատասխանող երկընտրանքներ։ 2026 թվականի ընթացքում, մեծ հավանականությամբ, զգալիորեն կակտիվանան մասնավորապես «TRIPP ուղի» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները։ Ընդ որում, 2025 թվականի երկրորդ կեսին արդեն իսկ ուրվագծվել է, որ ծրագիրը թիրախավորող տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարները, մեծ հավանականությամբ, տարբեր նպատակներ հետապնդելով, այդուհանդերձ իրականացնում են որոշակիորեն հատվող գործողություններ»։  «Ղարաբաղից տեղահանվածների զգայնությունները շահագործելու» համատեքստում նշենք, որ  «արցախահայերի վերադարձի իրավունքի» իրացման մասին խոստումներ է շռայլում ծագումով ղարաբաղցի  Ռոբերտ Քոչարյանը, բայց այդպես էլ չի մանրամասնում՝ ե՞րբ ու ի՞նչ կարգավիճակում է պատկերացնում իր ու մեր հայրենակիցների վերադարձը՝ զբաղվելով «հույսի ու սպասման» էժանագին վաճառքով։


Հ. Մ.