Ուրեմն՝ դո՛ւք եք կործանում այս տղայի և այլ մարդկանց ճակատագիրը, դո՛ւք եք մեղավոր, որ տղան նման բան է արել և կալանավորվել․ Թունյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ուրեմն ի՞նչ են անում մի խումբ մարդիկ տարիներ շարունակ:


Մի կողմից, ամեն կերպ փորձում են ապալեգիտիմացնել ու հեղինակազրկել ՀՀ ընտրված իշխանություններին: Խոսում են ակնհայտ արհամարհանքով, վիրավորական ձևակերպումներով, անգամ լեզուները չի պտտվում պաշտոնը հիշատակել: Փորձում են մարդկանց ենթագիտակցության մեջ արմատավորել հետևյալ միտքը՝ սրանք ո՞վ են որ, ինչ անում եք՝ լավ եք անում, սրանք թույլ են ու ձեզ ոչինչ չեն կարող անել: Զուգահեռաբար տարածում են ամեն տեսակ սուտ ու կեղծիք՝ չխորշելով անգամ հարևան երկրներում գեներացված ապատեղեկատվությունը տարածելուց, ու ամեն կերպ ատելություն են սերմանում իշխանությունների նկատմամբ:


Մյուս կողմից, ծափահարում ու ոգևորում են պետական պաշտոնյաների նկատմամբ անհարգանքի բոլոր դրսևորումները: Ուղիղ եթերում երկրի իշխանություններին հայհոյողներին, պատգամավորների վրա հարձակվողներին, վարչապետի մեքենայի վրա ինչ-որ բան շպրտողներին, խորհրդարանի նախագահի վրա հարձակվողներին, անդաստիարակ, զրպարտիչ ու լկտի պահվածք ցուցաբերող լրագրողներին հերոսացնում են, աջակցում, փորձում հալածյալի կերպար ստեղծել ու քաղբանտարկյալ ներկայացնել:


Ու էս մթնոլորտում 18 տարեկան տղան մտածում է, որ կարելի է հարվածել երկրի ղեկավարին: Ու երբ այդ արարքին համապատասխան ռեակցիա է լինում, էդ նույն մարդիկ աղմուկ-աղաղակ են բարձրացնում, թե՝ այ-այ-այ, էս ինչ եք անում, տղայի ճակատագիրն եք կործանում...


Ուրեմն՝ դո՛ւք եք կործանում այս տղայի և այլ մարդկանց ճակատագիրը, դո՛ւք եք մեղավոր, որ տղան նման բան է արել և կալանավորվել:


Եվ դուք իրականում ոչ թե այս տղայի մասին եք մտածում, այլ ձեր նույն գործն եք շարունակում: Ուզում եք համարժեք պատասխանատվություն չլինի, որ վաղն էլ մեկ այլ երիտասարդի մտքով անցնի նման բան անել:


Էնպես որ, ձեզ սրբի տեղ չդնեք: Ճիշտ կանեք՝ ներողություն խնդրեք այդ տղայի հարազատներից ու լռեք»։