Հայաստանի անդամակցությունը միաժամանակ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիությանը (ԵՄ) պարզապես անհնար է։ Այս մասին ապրիլի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուս-հայկական բանակցությունների ընթացքում Պուտինը նշել է, որ յուրաքանչյուր երկիր ձգտում է առավելագույն օգուտ ստանալ միջազգային համագործակցությունից։
«Տեսնում ենք, որ Հայաստանը քննարկում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը։ Դրան լիովին հանգիստ ենք վերաբերվում։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած երկիր ձգտում է առավելագույն օգուտ քաղել երրորդ երկրների հետ համագործակցությունից»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի առաջնորդը շեշտել է, որ մաքսային միությունների շրջանակում կան որոշակի սահմանափակումներ, որոնք չեն թույլ տալիս միաժամանակ անդամակցել տարբեր տնտեսական բլոկների։
Փաշինյանն էլ իր հերթին նշել է, որ ԵՄ և ԵԱՏՄ անդամակցությունը համատեղելի չէ։
«Մենք հասկանում ենք, որ ԵՄ և ԵԱՏՄ անդամակցությունը համատեղելի չէ։ Առայժմ ինչպիսի օրակարգ կա, բավարարում է և համատեղելի է։ Եթե կգա պահը, որ չեն համատեղվի, Հայաստանի ժողովուրդն իր որոշումը կկայացնի։ Անշուշտ, դա չպետք է լինի՝ վնասելու հայ-ռուսական հարաբերություններին»,- ընդգծել է նա։