«Եթե ռուսական բիզնեսը դուրս մղվի Հայաստանից, ի՞նչ արձագանք կունենա դա՝ պատասխանը ակնհայտ է». Օվերչուկը՝ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն վաճառքի մասին

«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ չկա: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։


«Մեզ համար ակնհայտ է, որ ՀԿԵ կոնցեսիան որևէ երրորդ կողմին վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա,- նշել է Օվերչուկը և հավելել։- Մեր բոլոր հարևանները, որոնցից մի քանիսը նույնիսկ ԵՄ անդամներ են, շահագրգռված են ռուսական երկաթուղային ցանցն օգտագործելու և «Ռուսական երկաթուղիների» հետ համագործակցելու հարցում, և միայն Հայաստանի ղեկավարությունն է հարցականի տակ դնում համագործակցության շարունակությունը»։ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալը ընդգծել է, որ Ռուսաստանում «ընդունված է դատել ոչ թե խոսքերով, այլ գործերով, իսկ նրանք խոսում են այն մասին, որ սկզբում վերցրին մասնավոր էլեկտրաէներգետիկական ընկերության սեփականության իրավունքը, իսկ հիմա բարձրացնում են երկաթուղու կոնցեսիայի հարցը»։


«Ինչպե՞ս կարձագանքեն ռուս ձեռնարկատերերը հայկական բիզնեսի ներկայությանը Ռուսաստանում, եթե ռուսական բիզնեսը դուրս մղվի Հայաստանից։ Եվ ի՞նչ տեղի կունենա հետո։ Կարծում եմ՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում չեն ուզում իմանալ այս հարցի պատասխանը, չնայած այն ակնհայտ է»,- ընդգծել է Օվերչուկը։