Պուտինը «մաֆիա» վատ է խաղում կամ՝ «ռազաբլաչենիե» պուտինյան ձևով

Պետական անվտանգության կոմիտեի՝ ԿԳԲ-ի  նախկին երկարամյա ու փորձառու աշխատակից,  այժմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ասում են, սիրում է «մաֆիա» խաղը ու ժամանակ ունենալու դեպքում խաղում է։ «Մաֆիան», նշենք, դետեկտիվային սյուժեով հոգեբանական, դերային խաղ է, որի մասնակիցները բաժանվում են երկու թիմի`«սևերի» և «կարմիրների», ու խաղի ընթացքում պետք է գլխի ընկնեն՝ խաղընկերներից որը որ գույնի ներքո է խաղում։ «Սևերի» խնդիրը կրակելով հնարավորինս շատ «կարմիր»-ների շարքից հանելն է՝ խաղում հաղթելու համար։ Սևերի ղեկավարն, ի դեպ,  «դոնն» է։


 Չգիտենք՝ ովքեր են լինում պարոն Պուտինի խաղընկերները, անձամբ նրան ո՞ր գույնի ներքո խաղալն է վիճակվում՝ «կարմիրի՞», թե՞ «սև»-ի, բայց մասնավորապես «դոն»-ի՝ «սևերի» «գլավարի» դերը դաշնակից երկրի ղեկավարը, կարծես, վատ է խաղում։ Ասվածում համոզվեցինք՝ հետևելով ՀՀ-ում կայանալիք ԱԺ առաջիկա ընտրությունների հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան-Պուտին երկխոսությանը, որի ժամանակ ՌԴ նախագահը բացահայտեց ընտրապայքարին մասնակից բոլոր «սևերին», ավելին՝ «կրակեց» խաղում իր թիմակիցների վրա՝ փաստացի զոհաբերելով նրանց։ Թե «Կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ դիրքորոշում ունեն։ Իհարկե, ես Ձեզ բացահայտ կասեմ՝ մեր միջև այնպիսի երկխոսություն է, որ մենք միշտ խոսում ենք ազնվորեն և ուղիղ։ Մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին՝ ընտրությունների ընթացքում։ Ոմանք, գիտեմ, գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր։ Դա Ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ նրանք, առնվազն, կարողանային մասնակցել այս ներքաղաքական գործընթացին»։


ՌԴ ղեկավարի՝ ՀՀ վարչապետից հայցած այս «դաբրո»-ն վկայում է, թե որքան է կարևորում ՌԴ-ն ՀՀ-ում սպասվող ընտրությունները, որոնք, ի դեպ, օրերս երկրորդ նախագահ Քոչարյանի նախկին խոսնակը՝ ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը, որակել էր որպես «ճակատամարտ Կովկասի համար»։ Ճակատամարտ, որում ՌԴ-ի հաղթանակը, ինչպես նախկին խոսնակն էր շեշտել՝ «արմատապես կփոխի Հայաստանի կողմից վարվելիք արտաքին քաղաքականության կուրսը, կբերի այդ կուրսի «բալանսավորման»,  շատ հարցերում՝ ավելի «ռուսամետ կողմնորոշման»։   


Դաշնակից երկրի ղեկավարը հետևապես առանց սեթևեթանքի, բաց տեքստով  ազդարարում է՝ ընտրապայքարի մեջ են մտել, ավելի ճիշտ՝ մտցվել ռուսամետ ուժեր, որոնցից մեկի լիդերն էլ գրպանում պինդ պահում է Ռուսաստանի Դաշնության կարմիր անձնագիրը։ Արդ, նրանց թույլ տվեք առանց արգելքի մասնակցել հանուն վեհ գաղափարի՝ հանուն Կովկասի, այն է՝ ԵՄ-ից, ԱՄՆ-ից «յան տալու» համար մղվելիք առաջիկա  «ճակատամարտին»։


 Այս՝ պուտինյան ձևով «ռազաբլաչենիեն», ի դեպ, ցնծություն ու միաժամանակ ցնցում է առաջացրել ընդդիմադիր դաշտում։  Ցնծություն, քանի որ այսպիսով ցուցանվեց, որ ռուսամետ կոնգլոմերատը լքված ու անտեսված չէ, իրենցով զբաղվում է ռուսաց թագավորը, և ցնցում, քանի որ այս նույն՝ թունդ հայամետի փիլոն հագած սեկտորը  այս ողջ ընթացքում հերքում էր իր ռուսական իզն ու թոզը, Պուտինի գործածած կուլտուրական բառով՝ «ռուսամետ» լինելը, նույն այդ Պուտինի կողմից ՀՀ գործուղված լինելը, ինչպես նաև  Հյուսիսի հետ աֆիլացումն ապացուցող մի շարք ակնհայտ «հանցանշաններ»։ Եվ ահա, իրենց  քաղաքական հովանավորը, մի կողմ նետելով բոլոր  «ձև»-ականությունները, վերցնում ու որոշում է իրերն իրենց անուններով կոչել։ Պուտինյան ոճով այս մերկացումից, ներողություն օտար բառի համար՝ «ռազաբլաչենիայից» հետո, ենթադրում ենք, ռուսա-բելառուսա-դաշնակցականախառը ընդդիմադիր բևեռին այլ բան չի մնա, քան «ձևեր» թափելուն «թարգը տալը». խաղն ավարտված է, հարգելի «սևեր»։ Մաֆիա խաղին մասնակից՝ «սև» գույնի տակ խաղացողներին նկատի ունենք։


Հայաստանի փորձառու ընտրողը քաղաքական դաշտի բոլոր խաղացողներին ճանաչում է դեռ օրորոցից, գիտի անգիր, տեղյակ է, թե «այդքան ժողովրդի մեջ  ով ում բարեկամն է», ով է գինեգործ Պողոսը, ով՝ գործակատար Պետրոսը, ով Գարսևանը, որի լյարդը էդպես էլ չիմացանք՝ ո՞նց եղավ։ 


Ի դեպ, գինեգործ ասացինք, հիշեցինք՝ տնային կալանքի տակ գտնվող քաղաքական առաջնորդի՝ նախկինում գինեվաճառ եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը,  օրերս դիմել էր «գրազ»-ի ժանրին ու խրոխտ ազդարարել՝ ԱԺ անցնելու դեպքում չեն քվեարկելու մեկ այլ թունդ ռուսամետի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարչապետացման օգտին։  Գործիչ, որը, հիշեցնենք, տարիներ առաջ Պուտինի մասին արտահայտվելիս խոստովանել էր՝ «մեր միջև ինչ-որ քիմիա կա, մեր աշխարհընկալումները շատ մոտ են միմյանց»։  Արդ, Նարեկ Կարապետյանը Պուտինի հայտարարությունից հետո կարո՞ղ է  գրազ գալ, որ հորեղբար Սամվելի հայաստանյան քաղաքական գաստրոլի հովանավորը Պուտինը չէ։ Եթե ռիսկի դիմի ու գրազ գա, ապա կհավատանք, որ Քոչարյանի՝ վարչապետ դառնալու օգտին չքվեարկելու մասին գրազը գալուց անկեղծ էր, «ձևեր» չէր թափում։ 

 

Հ. Մ.