«Մարդը սրանց աչքերում անասուն է». Վահագն Ալեքսանյանն արձագանքել է ընտրակաշառքի նոր բացահայտմանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Վաղարշապատում Արթուր Վանեցյանի առաջնորդած ուժի օգտին ընտրակաշառք բաժանելու դեպքերին և Քննչական կոմիտեի իրականացրած ձերբակալություններին։



Պատգամավորը հատուկ ուշադրություն է հրավիրել գաղտնալսումների բովանդակությանը և այն բառապաշարին, որն օգտագործում են ընտրակաշառք բաժանողները քաղաքացիների հասցեին։



Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ ձայնագրություններից մեկում ընտրակաշառատու կանանցից մեկը, խոսելով քաղաքացու մասին, ով հրաժարվել է զեկուցել իր ընտրության մասին, օգտագործում է վիրավորական արտահայտություններ.



«Այդ ընտրակաշառատու կանանցից մեկն ասում է՝ մի ղարաբաղցու էինք զանգել, ասեց՝ ձեր ինչ գործ՝ ես գնացել եմ ընտրության, թե չէ։ Ու ինչ է ասում՝ ասում է՝ «տո անասո՛ւն, բա որ մեր ինչ գործ, բա ինչի՞ ես եկել գրանցվել»։ Սա շատ նորմալ է այս մարդկանց համար»,- նշել է պատգամավորը։



Պատգամավորն ընդգծել է, որ ընդդիմադիր ընտրակաշառատուների համար քաղաքացին ընդամենը առուվաճառքի առարկա է։ Ըստ Ալեքսանյանի՝ երբ մեկին փող են տալիս, մտածում են, որ տվյալ անձին արդեն «առել են»։

«Առնվողը մարդ չի իրենց աչքերում, առնվողն անասուն է։ Սիրելի քաղաքացիներ, մի՛ թողեք, որ ձեզ վերաբերվեն որպես անասունի»։



Վահագն Ալեքսանյանը կոչ է արել քաղաքացիներին ընտրակաշառքի ցանկացած դեպքի մասին անհապաղ հայտնել իրավապահներին, իսկ ընդդիմադիր գործիչներին հիշեցրել է, որ նրանց ժամանակներն անցել են։

«Ձեր ժամանակները, հարգելի՛ մարդավաճառներ, ավարտվել են, ու ավարտվել են դեռ միջնադարում»,- եզրափակել է պատգամավորը։