Մոսկվայում օրերս տեղի ունեցած՝ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ, բնականաբար, չէր կարող շրջանցվել չափազանց զգայուն, երկու պետությունների հարաբերություններում, այսպես ասած, «վերք» առաջացրած Լեռնային Ղարաբաղի թեման։ ՌԴ նախագահն իր խոսքում շոշափելով ՀՀ-ի մոտ «որոշակի հարցեր, դժգոհություններ առաջացրած» ՀԱՊԿ-ի հարցն ու այն զուգահեռելով Ղարաբաղի հետ՝ մասնավորապես նշեց․ «Այն բանից հետո, երբ Դուք 2022 թվականին Պրահայում ընդունեցիք, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում, ՀԱՊԿ-ի միջամտությունն այս գործընթացին, որը ստացել է ներադրբեջանական երանգ, պարզապես բացարձակապես սխալ էր այդ հարցում՝ կապված Ղարաբաղի վերամիավորման հետ, եթե այն համարենք Ադրբեջանի մաս․ սա գնահատական չէ, ես չեմ ասում, որ սա լավ է կամ վատ, խաղաղ կյանքի կազմակերպման տեսանկյունից, կարծում եմ, որ, հավանաբար, դա իմաստ ուներ»։ ՀՀ վարչապետն էլ, արձագանքելով մասնավորապես Ղարաբաղին առնչվող դիտարկմանը, նշել է․ «Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, սակայն դա արել ենք միայն այն բանից հետո, երբ ՌԴ բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել է, և Դուք հիշում եք՝ մենք այդ մասին բազմիցս խոսել ենք։ Եվ մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ նույնպես երբեք չենք թաքցրել, որովհետև 2022 թվականին ունեինք կոնկրետ իրավիճակ։ Եվ, իմ կարծիքով, ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործարկվեին, բայց դրանք չգործարկվեցին, և դա, իհարկե, հանգեցրեց այն իրավիճակին, որը մենք ունենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով՝ մենք մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց, և չարձագանքեց ի հեճուկս այն պարտավորությունների, որոնք գոյություն ունեն Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն»։
Եթե նկատեցիք՝ Նիկոլ Փաշինյանն իր արձագանքում հստակ մատնանշում
է ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի Հանրապետության (այլ ոչ թե Ղարաբաղի) նկատմամբ ունեցած պարտավորությունների
չկատարման հանգամանքը, քանի որ, ինչպես հայտնի
է, ՀԱՊԿ-ի իրավապայմանագրային պարտավորությունների
«արեալը»՝ գոտին, չի ներառում Լեռնային Ղարաբաղը։ Իսկ ահա պարոն Պուտինի մոտ, ինչպես
երևում է, խորը կոնֆուզ է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու մասով․ նա ակնհայտորեն միտումնավոր
փորձում է խեղաթյուրել իրականությունն ու որպես ՀԱՊԿ-ից ՀՀ-ի, այսպես ասած, նեղացածության
պատճառ մատնանշում է ոչ թե այդ կազմակերպության անդամ ՀՀ-ի, այլ՝ այդ կազմակերպության
անդամ չհանդիսացող Ղարաբաղի հանդեպ իր չկատարած պարտավորությունները։ Սյուր է, այնպես
չէ՞։ Եթե ՌԴ նախագահը չի հիշում, ապա սիրով պատրաստ ենք հիշեցնել, որ ԼՂ-ում ոչ թե
ՀԱՊԿ-ը՝ որպես կոլեկտիվ մարմին, այլ այդ կազմակերպության անդամ մեկ երկիր՝ ՌԴ-ն, ուներ
շատ կոնկրետ պատասխանատվություն, որը ստանձնել էր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Դա ԼՂ-ում խաղաղապահ առաքելության
իրականացումն էր։ Այդ առաքելությունը ոչ մի պրահյան, «արգենտինյան», «մադրիդյան» կամ պայմանական այլ մայրաքաղաքում ստորագրված հայտարարություն ոչ ոք չէր չեղարկել։ ՌԴ-ն շարունակում
էր 2022-ի հոկտեմբերի 6-ի դրությամբ լինել
նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ միայն մոդերատորը և ոչ մի կերպ չչեղարկված պարտավորությունների կրողը։
Ի դեպ, այս՝ Պուտինի ու կրեմլյան
խոսնակների, պրոպագանդիստների կողմից «երգված»
«երգին» նախկինում քանիցս ենք անդրադարձել՝ ապացուցելով դրա փաստազուրկ, անհիմն լինելը։
Ինչո՞ւ է Պուտինը նորից հիշել
Ղարաբաղի մասին «երգը»
Խնդիրն այն է, որ ՀՀ-ում սպասվող
խորհրդարանական ընտրությունների նախընթաց շրջանում դաշնակից երկրի ղեկավարը, մոբիլիզացնելով ընտրապայքարին մասնակցել պատրաստվող ռուսամետ ուժերին,
որոշել է վերաթարմացնել Ղարաբաղի կորստի թեման՝ ՌԴ-ին փորձելով մաքրել ԼՂ-ի ու դրա ժողովրդի հանդեպ գործած մեղքից։
Ակնհայտ է, որ ՀՀ ընտրողը առաջիկայում պետք է ընտրություն կատարի երկու քաղաքական
բևեռների՝ արևմտամետների և ռուսամետների միջև։ Արևմտամետ դիրքավորում ունեցող բևեռը (կառավարող ուժը ևս հանրության շրջանում ընկալվում
է որպես այդպիսի դիրքավորում ունեցող) ակնհայտորեն շահեկան վիճակում է, քանի որ
2020 թվականի 44-օրյա պատերազմից, դրանից հետո՝ 2021-ին, 2022-ին ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի
կողմից իրականացված ագրեսիայից, ինչպես նաև 2023-ին ԼՂ-ի հայաթափումից հետո ՀՀ պոտենցիալ
ընտրողների ճնշող մեծամասնությունը հիասթափված
է ՌԴ-ից։ Այդ են վկայում նաև սոցիոլոգիական մի շարք հարցումներ։ Այդ հիասթափությունն
աներկբայորեն ազդելու է ՀՀ ընտրողի էլեկտորալ
վարքի վրա՝ ՌԴ-ի ֆավորիտ քաղուժերին, պուտինյան ձևակերպմամբ՝ «ռուսամետներին» «ոչ»
ասելու, նրանց չքվեարկելու տեսքով։ Իզուր չէ, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ պարոն
Պուտինը հատուկ բարձրացրեց ռուսամետներին սպասվող ընտրապայքարին մասնակցելու հնարավորություն
տալու հարցը։
Իրենց արտաքին հովանավորի նման
տաքսիրտ վերաբերմունքից էքստազի մեջ ընկած՝ ռուսամետ ուժերը, արդ, մի քանի օր է՝ «նոն-ստոպ»
ռեժիմով օվացիաների են արժանացնում Պուտինի՝ ղարաբաղյան թեմատիկայով արած աբսուրդային
մտքերը։
ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ
շուտ-շուտ հանդիպող Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից, «ռուսամետ» քաղաքական ուժերից մեկի
առաջնորդ Սամվել Կարապետյանին «բալետ անող» Լևոն Զուրաբյանը Ֆեյսբուքում ազդարարել
է. «Փաշինյանն ինքը և իր փաստաբանները այդ ճանաչումը արդարացնում
են նրանով, որ իրենից առաջ Պուտինն է ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»՝ բխեցնելով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման հնարավորությունը «վերջնականապես փակեց Նիկոլ Փաշինյանը՝ 2022 թվականին
ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»:
Ի՞նչն է ամենազազրելին,
որ ԼՂ խնդրի կարգավորման նրբություններին ու խրոնոլոգիային տեղյակ Զուրաբյանը առանձնակի
փութաջանությամբ պաշտպանում է խնդրի խաղաղ կարգավորումը վիժեցրած ու 44-օրյա պատերազմը
սկսած Ադրբեջանին, արդարացնում վերջինիս՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների
չկատարումը, այն է՝ Լաչինի միջանցքի՝ շուրջ 9 ամիս տևած շրջափակումը, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելն
ու 2023-ին ռուս խաղաղապահների աչքի առաջ հակաահաբեկչական օպերացիայի իրականացումը,
որն ավարտվեց տեղի բնակչության բռնի տեղահանությամբ։ Զուրաբյանը երևի հույս ունի, որ
Պուտինի ոտքերը լվանալու, Ալիևի երեսը սպիտակեցնելու այս նողկալի ակտից հետո «պրիզ»
կստանա՝ կհայտնվի ԱԺ անցնելու նվազագույն շանս ունեցող ռուսամետ քաղաքական ուժերից
մեկի ընտրական ցուցակի անցողիկ տեղում։
Ռ․ Քոչարյանի «Հայաստան» խմբակցության
անդամ Արթուր Խաչատրյանն էլ շտապեց հետ չմնալ ՌԴ նախագահի առաջ ծալապատիկ լինելուց՝ նրա մոսկովյան հայտարարությունից ժամեր անց ազդարարելով․ «Նիկոլ Փաշինյանն իր բոլոր ձախողումները, պարտությունները
վերագրում է ուրիշներին՝ նախկիններին, երրորդ երկրներին, համաշխարհային կոնյունկտուրային
և այլն։ Ակնհայտ է, որ ինքը Հայաստանի Հանրապետության միակ ղեկավարն է եղել, ով ճանաչել
է Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ»։ Դաշնակցական պատգամավորն այնուհետ հավելել է․ «Բա դա անկախ պետության ղեկավարի (ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանին նկատի ունի-խմբ.) խոսո՞ւյթ էր, դե լավ, որ դու ասեցիր Արցախն Ադրբեջան է, դե մենք էլ դա ընդունեցինք։
Վաղն էլ որ ասեն՝ Հայաստանը միութենական պետություն պետք է մտնի, ի՞նչ պետք է ասի։
Պետք է ասի՝ դե լավ, որ դուք ասում եք, ուրեմն վե՞րջ, ուրեմն այդպես պետք է լինի՞»։ Միութենական պետության
մասին քոչարյանական պատգամավորի դիտարկումն, անխոս, ցինիզմի բացառիկ նմուշ է, որը ստիպում
է հիշել ու հիշեցնել մտքի հեղինակին իր սկանդալային «004» շրջաբերականը։ Այդ շրջաբերականում
էր, ի դեպ, որ ՀՅԴ-ն կողմ էր արտահայտվում ՌԴ-ի կողմից ենթադրյալ միության մեջ թե՛
ՀՀ-ի, թե՛ ԼՂ-ի մտնելու հեռանկարին՝ մասնավորապես արձանագրելով․ «Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու
սցենար մշակել և գործադրել այն, աշխատանք տանել, որպեսզի հավանական միության ձևավորման
դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն»։
Արթուր Խաչատրյանին թերևս պետք է առաջարկել տապակվել սեփական
«յուղով», եթե կուզեք՝ դարդով՝ դադարելով նույնիսկ հեգնական համատեքստում խոսել Հայաստանի Հանրապետությանն արվելիք ինչ-որ «միութենական»
առաջարկների մասին։ ՀՀ-ի անկախությունը սակարկության առարկա դարձնող ու միությունների մեջ տեղավորելու առաջին ջատագովը,
եթե չասնեք՝ շահագրգիռ կողմը, ինչպես երևում է վերը մեջբերվածից, պատմությունից այդպես
էլ դասեր չքաղած ու ռուսամետության «էսենցիա» համարվող ՀՅԴ-ն է։
Հ. Մ.