ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի էջում տեղադրված հայտարարությանը։
«Ընդդիմությունը պնդում է, որ մենք փորձել ենք Ռուսաստանին հեռացնել մեր տարածաշրջանից։ Իսկ մենք ընդամենը խաղաղություն ենք հաստատել մեր անմիջական հարևանների հետ և առաջարկում ենք Ռուսաստանին այլ հարցերի շուրջ համագործակցել, քանի որ անվտանգային հարցերի շուրջ պարզապես չստացվեց։
Եվ ահա Ադրբեջանի հարձակման հետ այլևս հույսեր չկապող ընդդիմությունը սպառնում է, որ եթե ժողովուրդը չփոխի Հայաստանի կառավարող ուժին, Ռուսաստանը ստիպված տնտեսական պատերազմ կվարի Հայաստանի դեմ։ Տեսեք, թե ինչ պատահեց Վրաստանի և Ուկրաինայի հետ,- բառացի ասում են նրանք։
Իսկ ձեր ու ձեր օտարերկրյա կապիտալի հետ ի՞նչ է պատահելու, երբ դուք Հայաստանի ինքնիշխանության վերջը տալու ձեր առաքելությունը անխուսափելիորեն տապալեք։
Սակայն առավել կարևոր հարցն այն է, թե ինչպես ենք մենք կառավարելու ընդդիմության տարածած հակառուսաստանյան այս քարոզի հետևանքները։ Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդը, իհարկե, խոհեմ քաղաքականություն կվարեն թե՛ տարածաշրջանի երկրների, թե՛ տարածաշրջանի հարևան երկրների հանդեպ, այդ թվում՝ ընդդիմության կողմից արդեն որերորդ տարին Ռուսաստանին որպես նոր Թուրքիա պատկերելու շնորհիվ»,- գրել է Կարապետյանը: